ավելի մեծ դժվարություններից ու անախորժություններից և կարգավորած մեր ժողովրդի կյանքը։
Եվ էսպիսով առաջ է գալիս արհեստական կերպով ցրած ժողովուրդներին իրենց բնակավայրերը, իրենց հայրենիքները հավաքելու խնդիրը։ Ժողովուրդը [մեծ բազմ.] մասսաներով ակամայից տեղահան [է] եղել կամ պատերազմների հետևանքով, և մի երկրից փոխադրվել մի ուրիշ երկիր, իբրև փախստական, գաղթական, և կամ թե չէ տիրող օտար կառավարություններն են փոխադրել մի տեղից մյուս տեղ, իրենց քաղաքական նպատակների համար, ի վնաս էս կամ էն ժողովրդի և կամ հաճախ ի վնաս երկուսի էլ, թե բնիկ ժողովրդի և թե եկած։
Դա առաջ է բերել մի անկարգ, խառնակ վիճակ, որ շատ անգամ է երևան գալիս սուր կերպարանքով, թե քաղաքական և թե քաղաքացիական կյանքում և հաճախ ընդհարումների պատճառ է դառնում։
Եվ ահա, եթե ուզում ենք [աշխարհի] մեր երկրներում, մեր ժողովուրդների մեջ կարգ ու խաղաղություն հաստատել, պետք է շտկենք ամենից առաջ էն, ինչ որ քանդել [են] կամ դժբախտ դեպքերը ու կամ վատ նպատակներով սարքել են զանազան բռնակալներ։
Իհարկե, [տեղահան արած] էս գործի ժամանակ պատահելու ենք և [անհաղթահարելի դժվարությունների հնացած] էն տեսակ դեպքերի, որ չենք կարողանալու էս կամ էն ժողովրդին ձեռք տալ, իր տեղից շարժել, որովհետև արդեն նա վաղուց է նստած իր տեղը, հնացել ու արմատներ է բռնել [բայց էդ դեպքերը քիչ կլինեն թերևս]։ Օրինակ, մի ժամանակ Շահաբասը, Վրաստանի սահմաններին հսկելու և [ապահովելու] իր տիրապետությունը ամրացնելու համար, բերել է վրացական շրջաններում բնակեցրել Ղազախ և Բորչալու [թուրք] թաթար ցեղերը, որոնց անունով և կոչվում են հիշյալ գավառները։ Էդ ցեղերն էնքան են ամրացել ու հնացել իրենց տեղը, որ չգիտեմ ինչպես կարելի է նրանց շարժել։