Հեղափոխական որ ասում եմ, սրանով ուզում եմ ասել դեռևս շատ դեֆեկտներ ունեցող Ռուսաստանը։ Հենց նա ինքն է հայտարարում, թե դեռ կոմունիստ չեմ ես, այլ պրոլետարիատի դիկտատուրան։ Ժամանակավոր մի կառավարություն, և էն էլ խիստ կառավարություն, որը իր նպատակի համար կանգ չի առնում նույնիսկ տեռորի առջև և տակավին քաղաքացիական կռիվ է մղում, կռիվներից ամեաանողոքը։
Եվ սակայն էս էսպես լինելով հանդերձ, նա կոտորվող հայ ժողովրդի համար փրկություն էր բերում։
Նա ոչ միայն Կարմիր բանակի հզոր հովանավորությունն էր բերում, այլև [հենց նույնիսկ պրոլետարական դիկտատուրայի] իր էությամբ մեջտեղից վերացնելով ազգային խտրություններն ու ազգայնական ճնշումներն ու թշնամությունները - միանգամայն ապահովում էր հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը։
Հենց թեկուզ միայն էսքանը։ Եվ իրոք։
Կարմիր բանակի Ադրբեջան մտնելով անմիջապես վերացան Ղարաբաղի կոտորածն ու Բաքվի կոտորածի սարսափը։
Իսկ Հայաստան մտնելուն պես, առաջացող տաճկական բանակը ետ դարձավ Ղարաքիլիսայի ձորից և կանգ առավ Ալեքսանդրապոլում։ Բանակցություններ էին սկսվել Ալեքսանդրապոլն էլ դատարկելու, գնում էին Մոսկվա՝ Հայաստանի սահմանները որոշելու փետրվարի 21-ի կոնֆերանսում, և հանկարծ․․․ [տեղի է ունենում] պայթում է փետր<վարի> 18-ի հեղաշրջումը։
— Ինչո՞ւ․․․
Ահա էս ինչուի պատասխանն է, որ պիտի գտնել օբյեկտիվ ու բազմակողմանի։
Ինչքան վերահասու եմ եղած, ես կարծում եմ, էստեղ մի քանի պատճառներ կան։ Հիմնական պատճառը ես համարում եմ մեկը, որ կա ամեն տեղ և ամենից առաջ հենց Ռուսաստանում։