կանանց ու երեխաներին․․․ սակայն պատմության մեջ դուրս եկավ, որ ինքը գյուղից փախել է էն ժամանակ, երբ դեռ բոլշևիկ զորքը մտած չի եղել իրենց գյուղը․․․ Վերջապես [ինձ] տարածված էր, թե Թիֆլիսի Սոլոլակի թաղից, մանավանդ Բեհբության փողոցից ոչինչ չի մնացել, և փողոցներում 30 հազար դիակ է թափված․․․ Եվ ես դժար էի կարողանում հավատացնել, որ ուղղակի ոչինչ չի պատահել, որ չենք էլ զգացել գրեթե, թե ինչպես է գիշերով նահանջել վրացական զորքը և մտել ռուսական զորքը։
Բայց ամեն հերքումի և հավաստիացումի վերաբերվում էին մեծ կասկածով և միշտ օրինակ էին բերում Երևանի բանտի կոտրածը։
Եվ գյուղերը դատարկվում էին Կարմիր բանակի առջև ու պատրաստվում փախչելու դեպի տաճիկները։ Իսկ դաշն<ակցական> ինտելիգենցիան դատապարտելով իր 30-ամյա [գործունեությունը] ճանապարհը, որ գնացել է տաճիկների դեմ, բանակցություն էր վարում տաճիկների հետ [հույս․․․]
Էս ամենից հետո հասկանալի է դառնում էն անհասկանալի երևույթը, թե ինչու էն հայ գյուղացին, որ երեկ ամեն հարմարություն ու հրամանատարություն և օֆիցերություն ունենալով, հրացան չէր արձակում տաճիկ զորքի դեմ, թե բոլշևիկյան զորք է, էսօր անպատրաստ ու մենակ, հոժարակամ վեր էր կացել օրհասական կռվի իսկական Կարմիր բանակի դեմ։ Եվ, նույնիսկ, Կարմիր բանակի վկայությամբ, ճիշտ որ կռվում էր հուսահատորեն, համոզված, որ ոչ մի ուրիշ փրկություն չկա, բացի կռիվն ու կոտորելը կամ կոտորվելը։
Ահա էս մոմենտին էր, մարտի 19-ին, որ ես Կարմիր բանակի ֆրոնտից անցա Երևանի ֆրոնտը հաշտության սպիտակ դրոշակի առաջնորդությամբ5։
Եվ, ո՜վ զարմանք։