Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ահա ես էս հոդվածը գրում եմ ճշմարտությունը վերականգնելու էն մարդկանց համար, որոնք ներկա չեն եղել ընկ. Ռոբակիձեի դասախոսությանը և կամ որոնք թյուրիմացության մեջ են ընկած։

Ես հիմնվում եմ ոչ միայն իմ, այլև շատ գրական մարդկանց թարմ հիշողության վրա, որոնք [ներկա են եղած] լսել են Ռոբակիձեին։ Եվ բարեբախտաբար ձեռքիս տակ ունեմ հիշողություններից ավելի կարևոր մի դոկումենտ։ Դա մեր ընկ․ բանաստեղծ Դեմիրճյանի հիշատակարանն է, որի մեջ նա արձանագրել է դասախոսության որոշ տեղերը։ Եվ իմիջիայլոց արձանագրած են վիճելի կետերը։

Ռոբակիձեն վրաց գրականության սկսած շրջան-շրջան խոսելով․ և միջնադարում առանձնապես վեր հանելով Ռուսթավելու հանճարը, հասավ նոր գրականությանը։

Նոր գրականության մի քանի խոշոր դեմքերի վրա կանգ առնելուց և նոր գրականության զարգացումը շեշտելուց հետո ասավ։ Ռուսթավելուց հետո վրաց գրական խոսքը արվեստի վարպետության և ձևի կատարելության կողմից երբեք չէ հասած էն բարձրությանը, ինչ բարձրության հասավ նոր գրականության մեջ։ Էդ կողմից Ռուսթավելին մինչև անգամ մրցորդներ ունի։

Ոմանք պնդում են, թե ասավ՝ մինչև անգամ գերազանցողներ ունի։ „Голубые роги“ խմբակի մասին նա խոսեց անկախ ու առանձին, և Ռուսթավելու անունը [չտվեց] չի տվել էս խմբակի մասին խոսելիս։ Բայց որովհետև էս նոր ուղղության մասին կամ նոր խմբակի մասին խոսում էր առանձին ոգևորությամբ, ոմանց վրա էն տպավորությունն է արել, թե հենց սրանց ի նկատի ունի՝ Ռուսթավելու մրցորդներ ասելով, խոսքի վարպետության և ձևի կատարելության տեսակետից։

Էսպեսով՝ Ռուսթավելուն հաղթելու մասին խոսք չի եղել։