Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զուր են կարծում մեր վրացի ընկերները, թե եթե էդ տեսակ խոսք լիներ՝ հայ գրական մարդկանց կողմից կմնար առանց նկատողության։

Ճշմարիտ է, մենք էնքան լավ չենք ճանաչում վրաց գրականությունը, ինչքան վայել էր, որ ճանաչեինք, բայց էնքան էլ անտեղյակ չենք, ինչքան կարծել են մեր վրացի ընկերները, թե արդեն Ռուսթավելուն գերազանցողներ լինեին մեր կողքին ու մենք գոնե իմացած չլինեինք ...

Ինչ վերաբերում է ասածին. թե [խոսքի] արվեստի վարպետության ու ձևի կատարելության կողմից Ռուսթավելին արդեն մրցորդներ ունի, գոնե ես լսեցի, շատ հանգիստ, գրեթե էնքան հանգիստ, ինչքան հանգիստ կլսեի, եթե ասեր էսօրվան բանաստեղծների զգեստները մինչև անգամ ավելի լավն են, քան Ռուսթավելու զգեստն է եղած։

Արվեստի վարպետությունը կամ ձևի կատարելությունը՝ դա փեշակ է, տեխնիկան է, արտաքինն է, հին լեզվով ասենք՝ մարդկայինն է։ Էականը ստեղծագործական ներքին կարողությունն է, կենդանի ու հզոր շունչն է, դարձյալ հին լեզվով ասենք՝ աստվածայինն է։

Էս աստվածային կոչված բովանդակությունը եթե կա, անպատճառ կա և նրա ձևը։ Նա կգտնի իր ձևը և գտնում է իր ձևը։ Բայց եթե միայն ձևը կա, էդ չի նշանակի, թե նա անպատճառ բովանդակություն էլ կունենա։ Ձևը կարող է և դատարկ ձև մնալ:

Ճիշտ էնպես, ինչպես երբ ձեզ ասեն՝ էստեղ մի հոգի կա, դուք անպատճառ մարմինն էլ անբաժան հետն եք հասկանում։ Բայց երբ ասում են՝ մի մարմին կա, էդ չի նշանակիլ, թե նա անպատճառ հոգի էլ ունի։ Կարող է և անհոգի, մեռած մարմին լինել, այսինքն լոկ ձև։

Կամ ավելի հասարակ մի օրինակ։ Երբ ասում են էստեղ [շամպայն] գինի կա, դուք [շիշ] ամանն էլ հետն եք [երևակայում] հասկանում։ Բայց եթե ասեն՝ էստեղ աման կա, էդ հո չի նշանակիլ, թե անպատճառ մեջն էլ գինի կա։