Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

[Եվ, ասում եմ], էսպեսով՝ Ռուսթավելուն հաղթելու մասին խոսք անգամ չի եղել։

Ինչ վերաբերում է երկրորդ խնդրին՝ Արևելյան Վրաստանին ու Թիֆլիսին, դարձյալ թյուրիմացություն է։

Նա ասավ. Պատմական աղետներից Արևելյան Վրաստանը ավելի է տուժել քան Արևմտյան Վրաստանը։ Էդ պատճառով էլ Արևմտյան Վրաստանում ցեղային տիպն ոլ լեզուն ավելի անաղարտ են մնացել քան Արևելյան Վրաստանում։ Եվ Արևելյան Վրաստանը զրկվել է զուտ վրացական՝ այսինքն Մեսխեթական կամ Ռուսթավյան ոճի մաքրությունից։

Մի երևույթ, որ եթե ճշմարիտ է Վրաստանի միայն մի մասի վերաբերությամբ ճշմարիտ է գրեթե ամբողջ Հայաստանի վերաբերությամբ։ Եվ ես հենց նորերս խոսել եմ էս մասին։

Թիֆլիսին գալով՝ ասավ. Պատմության պարադոքսներով Թիֆլիսում ստեղծվել է մոքալաքի տիպը, որի մեջ կա և՛ վրացականը, և՛ հայկականը, և՛ պարսկական, և՛ ադրբեջանականը։ Մի էտնիկական սումբուր։ Եվ էս տիպը, առաջ բերելով իր գրականությունն ու արվեստը, ազդել է Արևելյան Վրաստանի գրականության վրա։

Եվ խոսք չի եղել Արևելյան Վրաստանի մեռնելու կամ Թիֆլիսի ոչ վրացական քաղաք լինելու մասին։ Էս ամենին վկա է մի ամբողջ ինտելիգենտ աուդիտորիա, որոնց մեջ եղել են և մի քանի վրացի ու ռուս գրական գործիչներ։

Եվ իմ առաջարկությամբ ու խնդիրքով էդ գիշեր զրույցին նախագահել է թե վրացի, թե հայ հասարակությանը քաջ հայտնի ընկ. Ն. Դ. Սակալովը։

Խոսքիս վերջում պետք է վկայեմ, որ ունկնդիր հայ հասարակությունը էդ գիշեր հեռացավ դասախոսության խոր տպավորության տակ։ Եվ Ռոբակիձեն իր հռետորական տաղանդով ու դրական հմտությամբ առատ նյութ տվեց և մեծ հետաքրքրություն ու պատկառանք առաջ բերավ դեպի վրաց գրականությունը։