չի կարող երևակայել] [և ահա, թե ինչն է սովից ավելի զարհուրելին]։
Ռուսաստանի մի շարք նահանգներում սով է։ Սոված գյուղացիությունը տասնյակ միլիոններով, ծառերի կեղևները կրծելով և խոտ արածելով, հորձանք է տալիս աջ ու ձախ։ Իր տունն ու տեղը լքած, իր դուռը փակած նա գնում է հաց որոնելու․․․ Ռուսաստանի էն գյուղացիությունը, որ աշխարհքին հաց էր տալիս։
[Եվ, իհարկե, սովի ողբերգությունը իր հոգու մեջ է հսկայական չափերով]։
Եվ հանկարծ կարդում ենք, թե Արևմտյան Եվրոպայում, լուսավոր, քաղաքակիրթ երկրում, մարդիկ կան, որոնք ուրախանում են էս հսկայական աղետի հանդեպ, ինչ է թե սրանով կխեղճանա խորհրդային իշխանությունը ․․․
Էս մի լուրը բավական է, որ մարդ սրտի ցավից հիվանդանա ու ընդմիշտ դառնա մարդատյաց։
Եթե հավատա ․․․
Այո՛, ասում եմ՝ եթե հավատա, որովհետև հեշտ չի սրան հավատալը, թեկուզ հենց իրենց բերանից լսեք։ Հեշտ չի հաշտվել էն մտքի հետ, [անկարելի բան է] թե մարդը էսքան հրեշ կարող է լինել։
Ես շատ դեպքեր գիտեմ մեր ժող<ովրդի> կյանքից (ո՛չ ինտելիգենցիայի և կառավարությունների), երբ նույնիսկ կռիվների ու ընդհարումների ժամանակ (որ միշտ սարքում են ինտելիգենցիան և կառավարությունները) թուրք գյուղացիները [գիշերով, գաղտնի] հաց են հասցրել սոված հայ գյուղացիներին կամ հայ գյուղացիները թուրքերին՝ կառ<ավարություններից> ու ինտ<ելիգենցիայից> թաքուն, գիշերով։
Սրանից էլ դենը։
Ես գիտեմ և շատ փաստերով կհաստատեմ, որ անասունները կերակուր են հասցնում սոված անասունին, որ գելը տարել, կերակրել է անտեր ու սոված մնացած շան լակոտներին․․․