որին մասնակցել են Ներսիսյան, Հովնանյան և Գայանյան դպրոցների աշակերտներն ու աշակերտուհիները։
8 Սայաթ-Նովայի մահարձանը ժողովրդից հանգանակած գումարով կառուցելու գաղափարը պատկանում է նկարիչ Գ. Բաշինջաղյանին։ 1912 թ. նոյեմբերի 11-ին, Մշ., № 255-ում տպագրվել է նրա «Սայաթ-Նովա-կոչ հայ ժողովրդին» թղթակցությունը, որին շուտով արձագանքել է Թումանյանը «Սայաթ-Նովայի շիրիմը» հոդվածով (Հր, 1912, 23 նոյեմբերի, № 259)։ Մահարձանի կառուցման համար հարկավոր գումարի հայթայթման գործն ու կազմակերպչական աշխատանքը ՀԳԸ վերցրել է իր վրա։ Ընկերությունը 1913 թ․ նոյեմբերի 14-ին արտակարգ ընդհանուր ժողովում որոշում է ընդունել ինչպես մահարձանի կառուցման, այնպես էլ Սայաթ-Նովայի երկերը հրատարակելու մասին։ Հր, 1913, 16 նոյեմբերի, № 252-ում տպագրված հաղորդման մեջ կարդում ենք. «Անցնելով Սայաթ-Նովայի մահարձանի բացման և նրա երկերի հրատարակման հարցին Ընկ. վարչության նախագահ Հ. Թումանյանը վարչության կողմից հայտարարեց, որ մահարձանը համարյա պատրաստ է, և բացումը տեղի կունենա ս. Գևորգ եկեղեցու բակում դեկտեմբերին, որի համար ստացված է թեմիս առաջնորդի թույլտվությունը»։ Իսկապես Թումանյանը և ՀԳԸ վարչությունը համոզված են եղել, որ մահարձանը հնարավոր կլինի բացել 1913 թ. դեկտեմբերին։ «Կովկասի լրաբեր» թերթն, օրինակ, 1913 թ. նոյեմբերի 26-ի № 268-ում հաղորդում է տպագրել այն մասին, թե տեղում աշխատանքներն սկսվել են նույն օրն այն հաշվով, որ ավարտվեն դեկտեմբերի 3-ին։ Սակայն մահարձանի բացումը տեղի է ունեցել ավելի ուշ՝ 1914 թ. մայիսի 15-ին։ Երկու օր առաջ «Մի պայծառ շիրիմ» հոդվածով Թումանյանը այդ մասին տեղյակ է պահել հասարակությունը։ Մահարձանի բացման հանդիսությունների մասին հաղորդումներ են տպագրվել Կովկասի բոլոր թերթերում (Հր, 1914, № 104, «Արև», Բաքու, № 38 «Тифлисский листок», № 110 և այլն)։
9 Սայաթ-Նովային նվիրված գրական-երաժշտական երեկույթներ ՀԳԸ կազմակերպել է մի քանի անգամ։ Օրինակ, 1913 թ. մարտի 14-ին, Հայոց բարեգործական ընկերության դահլիճում, որտեղ բացման խոսք է ասել Թումանյանը, բանախոսել է Ն. Աղբալյանը (տե՛ս Հր, 1913, 16 մարտի, № 59 և Մշ․, № 58), ապրիլի 5-ին Հասարակական ժողովարանի դահլիճում, որին մասնակցել են նաև հայ աշուղներ՝ աշուղ Հազիրիի ղեկավարությամբ (տե՛ս Հր, 1913, 7 ապրիլի, № 77), մայիսի 25-ին, որտեղ, ինչպես կարդում ենք Հր, 1913, № 115-ում. «Հովհ. Թումանյանը կարճառոտ խոսքով բնորոշելով Սայաթ-Նովայի քնարը, արտասանեց նրանից մի ոտանավոր, որը չի մտած Գ. Ախվերդյանի հրատարակած գրքի մեջ», հունիսի 5-ին Հավլաբարի հասարակական ժողովարանի դահլիճում (տե՛ս Հր, 1913, № 124), հոկտեմբերի 10-ին Հասարակական ժողովարանի