էլ ազնվացնելու և բարձրացնելու մարդկանց ու ժողովուրդներին։
Թող օրհնված լինի Ծերենցի հիշատակը։
Ետ եկան դարձյալ իմ «լուրջ կրիտիկոսները»՝ Դրամբյանն ու Ս. Հ.-ն։ Եվ ստիպված ենք դարձյալ այբ-բեն ասելու։
Ի՞նչ պետք է անենք. մարդիկ կրիտիկոս են դառել ու իրենք էլ են ցավի մեջ մնացել, մենք էլ. վերջապես ի՞նչ պետք է անեք, հայոց մամուլն է խոսում։
Բայց ցավը մենակ էն չի, որ հայոց մամուլի էս կամ էն օրգանը կարող է էսքան տգետ լինել կամ էսպես տգետ կրիտիկոսներ ունենալ։ Գրական տգիտությունը կամ տգետ քննադատությունը ամեն մի նոր առաջ եկող գրականության մեջ սովորական երևույթ է, սակայն մեր մեջ տգիտության վրա ավելանում է վատ հոգին, հոգու չարությունը։
Եվ եթե մի «Մշակ» կամ մի «Հովիտ» սրանց տեղ են տալիս, ձայնակցում են ու հրճվում, պատճառը մենակ գրական տգիտությունը հո չի, այլև հոգու չարությունը, ապականված սիրտը։
Եվ սա Դրամբյան չի արդեն, այլ դրամբյանիզմ։ Ես էլ էդ պատճառով է, որ կարևորություն եմ տալիս ու լուրջ խոսում էս տխուր երևույթի վրա։
Առայժմ մի կողմ թողնենք ամեն երկրորդական բան, գտնենք գլխավոր հարցն ու կանգնենք նրա վրա։
Պարոն Ռ. Դրամբյանն ու չգիտեմ ինչ՝ Ս. Հ.-ն, կամ մի խոսքով ասենք՝ դրամբյանիզմը, գտել են, որ հայոց «գրական մեծությունները» բանագողությունով են պարապում, ժողովրդական ստեղծագործություններն առնում են ու չնչին փոփոխություններով կամ բառացի հրատարակում իբրև իրենց ինքնուրույն գրվածք։
Էդ երևույթը անվանում են զզվելի թալան, կեղտոտ ուղի, ավերիչ ժանտախտ, գրական շանտաժ և այլն, և այլն, և