Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«բառացի» առնում եմ ու իմ առած «բառացին հեշտ փառք է վաստակում ու գումարներ է դիզում…», իսկ բնագիրը, իսկականը չի կարողանում, և կամ իրենք ու Հայկունիները չեն կարողանում անել նույնը։

Ա՛յ զարմանալի «բառացի»…

Ա՛յ հանելուկ…

Եվ ես խորապես համոզված եմ, որ էս «լուրջ կրիտիկոսներից» սկսած մինչև իրենց խմբագիրները, սրանց խղճուկ բանականությունը էստեղ շշմում է ու մոլորվում, ու ընդմիշտ էլ կմնա նույն ցավալի դրության մեջ։

Եվ անշուշտ սրանց կարելի էր շատ բան ներել։

Էս տեսակ մարդիկ արևելյան ու արևմտյան բոլոր մեծ առակախոսներին մի Եզոպոսի, մի Փեդրոսի, մի Լաֆոնտենի, մի Կռիլովի, մի Ոլիմպիանոսի, մի Գյոթեի և նմաններին միշտ կարող էին անվանել գրական շանտաժիստներ, բանագողներ, ավերիչ ժանտախտներ և ինչ որ բերանները գար, և ճշմարիտ որ նրանց գրքերն ու գրվածքներն էլ բոյկոտի ենթարկել և հայհոյելով գրել սովորեցնել։

Չէ որ ամենքն էլ ունին նույն առակները, նույն ագռավներն իրենց պանիրներով, նույն խորամանկ աղվեսներն ու գայլերը, նույն թակարդները, նույն օձերն ու նույն գյուղացիները, և այլն, և այլն։ Եվ նրանք ի՞նչ պիտի անեին։ Կամ պետք է աղաղակեին՝ Տե՛ր, թող սրանց մեղքերը, որովհետև չգիտեն ինչ են անում ու ինչ են ասում, և կամ թե չէ պետք է իրենց առակներին նոր առակ ավելացնեին, թե ինչպես էշը սոխակին երգել է սովորեցնում և կամ թե ինչպես խոզը պալատն է ընկնում և միայն աղբ է տեսնում էնտեղ։

Անկասկած կարելի էր էս տեսակ մի բացականչությունով կամ մի առակով փակել սրանց հետ խնդիրը, եթե միայն տգիտությունը լիներ մեզ զբաղեցնող առարկան, բայց ես ավելի հոգու չարությունն ու սրտի վատությունն եմ նկատում էստեղ և նրա դեմ է, որ ստիպված եմ գրիչ առնելու էս անհարմար օրերում։