Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Եվ իսկի նոր չի ու նորություն չի մեզանում գրական անճաշակությունն ու տգիտությունը միացած փոքրիկ հոգու չարությանը, որ ես պատահմունքով «դրամբյանիզմ» անվանացի, և որից ոմանք, սխալվելով, ենթադրում են, թե էս ամենը ուղղած է մի որևէ խեղճ ու կրակ Դրամբյանի դեմ։ Ո՛չ, ով կդառնա ու <կ>թերթի մեր մամուլի հին տարիները՝ կտեսնի, որ առաջ էդ վատ երևույթը, որ ես «դրամբյանիզմ» անվանեցի պատահմունքով, շատ ավելի խոշոր ու ավելի բազմաթիվ ներկայացուցիչներ է ունեցել, և միայն այժմ նրանք սակավացել ու մանրացել են, դարձել Դրամբյաններ ու Ս. Հ.-եր։

Սրանից մի քանի տարի առաջ ո՛ր հայ գրողի երեսնամյակը, քառասնամյակը կամ հիսնամյակը տոնում էին, երդվում էր, թե էսքան տարվա ընթացքում իմ գրվածքների վրա մի լուրջ հոդված չեմ կարդացել ու բացի հայհոյանքը ուրիշ բան չեմ լսել։

Պետք է վերջանա էս գարշելի երևույթը, իսկ եթե նրան վերջ չի լինիլ, վերջ չի լինիլ և գրական մարդու ցասումին ու հարվածներին։ Շատ հին ու սուրբ կռիվ է սա։

Սակայն, «Մուրճի» օրերից սկսած մեր մեջ երևում են եվրոպական մտքով գրական հասկացողության ու ճաշակի տեր մարդիկ, որոնք քննադատության մեջ դնելով գրական-գեղարվեստական խիստ պահանջներ, միաժամանակ իրենց հետ բերում են լուրջ վերաբերմունք ու հարգանք դեպի գրողն ու գրականությունը։

Տարեցտարի ավելանում է սրանց թիվը, տարեցտարի ուժեղանում են սրանք, սրանց հետ եկել է և մի նոր, թարմ ու ճաշակավոր բազմություն, և սրանց միջից պիտի պայթի ու որոտա էն դատող ու զատող բարկությունը, որ ամեն մի ժողովրդի գրականության մեջ, որոշ շրջանում, գալիս է պայթում բոլոր մեծ ու փոքր, հին ու նոր Դրամբյանների գլխին ու մաքրում, պարզում ժամանակաշրջանի հաշիվները։

Ինձ թվում է, որ հեռու չի էդ օրը մեր մեջ։