Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինել, որ նույն ժողովրդի լեզվով գրի, տպի, ղրկի իր բաժանորդներին ու հավատացնի, թե էդ ժողովրդի գրականության մեծ տոնի օրը չի կարելի մեջ բերել հենց նրա գրականությունն ու գրական ֆոնդը։ Եվ սակայն փաստ է, որ էս տեսակ մարդ ու թերթ գոյություն ունի մեր կյանքում։ Եվ ո՞վ գիտի, կարող են մարդիկ էլ գտնվել ծայրահեղ միամիտ, որ հավատան, թե ճիշտ որ, երևի Հայոց գրականության հոբելյանի օրը ետ պետք է քաշվեր հենց Հայոց միակ գրական ընկերությունը իր գրական ֆոնդով։ Թեև էդ բոլոր մարդիկ, նույնիսկ ծայրահեղ վատերը, ամբողջ տոնական տարին խոսել են գրականության անունից և տոնի օրն էլ գրականության անունն է լինելու շրթունքների վրա, իսկ սրտերում օձեր ու օձեր։

Էդ վատհոգի թշվառականները, որ էնքան բան տակնուվրա արին ու պառակտեցին, տքնում ու ճգնում են պառակտում մտցնել և հայոց գրականության ու դպրոցի մեջ, հավատացնելով միամիտներին, թե նրանք իրար դեմ են կանգնած, և էն էլ էն նվիրական օրը, երբ հայոց գիրն ու գրականությունը, ուսուցիչն ու գրողը միասին կանգնած տոնելու են իրենց միասնական գործի վեհ տոնը։

Համարձակվում են հայերեն տպել ու ղրկել հայ բաժանորդներին, թե Կովկասի Հայոց գրողների ընկերության գրական ֆոնդը գրական ֆոնդ չէ, այլ մի քանի մասնավոր գրողների ֆոնդ է, անվանում են դրան թայֆայական, դասակարգային, նույնիսկ անձնական գործ, և գրգռում են հասարակությունը ընկերության հրավերի դեմ։

Եվ ո՞վ են դրանք, որ հանդգնում են էդպես խոսել ու դուրս գալ Հայ գրողների ընկերության դեմ, էն օրը, երբ հայոց գրականությունը տոնում է իր 1500-ամյակի տոնը։ Նրանք, որ երեկ տոնեցին նույն ժողովրդի առաջ իրենց մասնավոր գործի, իրենց թերթի կասկածելի 40-ամյակը, անվանեցին և հասարակական, և ազգային գործ, և դեռ շարունակում են նվերներ հավաքել։