Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ էս մարդկանց անսանձ կուրությունն ու վատությունը դեռ էսքանով չի վերջանում, սպառնում են տոնից հետո ավելին ասել։

Բայց մի՞թե սրանից ավելին կարող է ասել թեկուզ ամենաայլանդակ մարդը աշխարհքում։

Էլ ավելին ի՞նչ կարող է լինել։


ՄԵՐ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԸ ԵՎ ԴՊՐՈՑՆ

ՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոբելյանի թե՛ անունը, թե՛ սովորությունը եբրայական ծագումն ունի։ Հիսուն տարին մի անգամ Իսրայելի ժողովուրդը տոնում էր եգիպտական գերությունից ազատվելու օրը, իր ազգային ինքնուրույն կյանքի վերածնության տոնը, և ցնծագին փողահարելով հռչակում էր ի լուր աշխարհի։

Էդ տարին բացվում էին նրա բանտերի դռները, զրկվածներն ու տնանկներն ստանում էին իրենց ինչքերն ու ստացվածքները, ստրուկներն իրենց ազատությունը, և էդ տարվա ամբողջ բերքն էլ հատկացրած էր աստծուն, որ հանել էր նրան եգիպտական գերությունից և պատվիրել էր. «Եւ արասջիք զամենայն իրաւունս իմ և զամենայն դատաստանս իմ, և պահեսջիգ և արասջիք զնոսա, և բնակեսջիք յերկրին ձերում վստահութեամբ»։

Ահա մենք էլ որոշել ենք հոբելյանական տարի։ Տոնում ենք մեր գրերի գյուտի ու տպագրության հոբելյանը։ Ամեն կողմից համազգային մի մեծ տոն։

Այո՛, մեծ ու հրաշալի էր տեսարանը, երբ Իսրայելի Մովսեսն իջնում էր Սինայից ու բերում էր հետը աստուծո պատգամները. բայց նրանից ոչնչով պակաս վեհ ու վսեմ չէր, երբ հայոց Մեսրոպը ժամանակի լուսավորության հայրենիքից Հայաստան էր մտնում՝ հայոց այբուբենը բերելով իր հետ։ Եվ իզուր չի ավանդությունը ասում, թե՝ աստվածային ձեռքը գրեց էդ այբուբենը, ու էդպեսով դրեց մեր գրի