Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

[էստեղից] էս բոլորից հետո մի hարց է ծագում, տեղին ու կարևոր մի hարց՝ էս մասին եղած մեր խոսքն ամփոփելու hամար. թե արդյոք hնագույն Հայաստանի բնակիչները ինչքան են կապված եղել երկնային լուսատուների hետ, արդյոք աստղերի պաշտամունքն ու գիտությունը զարգացած է եղել նրանց մեջ, և կամ աստղերով զբաղվելու և աստեղացնելու սեր ու hակում են ունեցած թե չէ։

Բարեբախտաբար էս hարցի պատասխանն էլ մեծ աստեղագետներն ու գիտնականները տալիս են ավելի քան դրական։

Հնագույն Հայաստանի բնակիչները, որսկան, հովիվ ու անասնապահ, միշտ բաց երկնքի տակ, իրենց բարձր երկնամերձ աշխարհքում միշտ խոսել են աստեղազարդ երկնքի հետ։

Եվ գիտնականները հաստատել են արդեն, թե էն հնագույն շրջանը, որ աստեղատունները որոշել ու աստղերին անուններ է տվել, եղել են Փոքր Ասիան և Փոքր Ասիայի մեջ հատկապես [անվանում են] հիշատակում են Հայաստանը։ (Олькотт, Легенды звёздного мира, стр. 7)22.

[Եվ], ասում են, աստղերի հնագույն անունները կրում են էն գործիքների անունները, որ գործ են ածվել էդ երկիրներում, կենդանիների անունները, որ հայտնի են եղել էդ երկիրներում, և էն լեզվով են, ինչ լեզվով խոսել են էդ երկիրների հին բնակիչները։

V

ՀԱՅԿԸ-ԴԱՎԻԹ

էս ամենից հետևում է, որ ժողովուրդների էպոսներին մոտեցող մարդիկ պետք է լավ իմանան ու միշտ հիշեն մի օրենք, որ ժող<ովրդական> էպոսի համար ժամանակ ու տարածություն եթե կան, ապա կան հսկայական չափերով, և միջավայր էլ եթե կա՝ էդ էլ ամենից առաջ ամբողջ մարդկային կյանքն է ու մարդկության պատմությունը։