Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Չպետք է խաբվել էս կամ էն ժողովրդի մեծ էպոսի ազգային կամ ժողովրդական անունից։ Նա զանազան երանգներ է առնում զանազան կլիմաների տակ, ընդունում է էս կամ էն ժողովրդի պատմության ու հոգեբանության առանձնահատուկ գծերը, և դրա համար էլ դառնում է հարազատ, թանկ ու նվիրական որոշ ժող<ովրդի> համար։ Բայց ավելի ևս մեծանում է հենց ազգային կոչված էպոսի նշանակությունը նրանով, որ նա միաժամանակ գերազանցորեն հանրամարդկային ստեղծա գործություն Է23

Հայկական էպոսն էլ թեև պատմական տարրեր ունի իր մեջ, թեև իր մեջ ամփոփում է հայ ժողովրդի մեծ մաքառումներն ու մեծ իդեալները, բայց ամենից առաջ նա մի հանրամարդկային ստեղծագործություն է, դյուցազնական ու սիմվոլիկ, մի հավաքական գործ, որի վրա աշխատել են ոչ միայն որոշ ազգի անհատները, այլև բոլոր ազգերը՝ իբրև անհատներ։

Էս պատճառով էլ սխալվում են մեր էն բանասերները, որ հայոց պատմության բանալիով են ուզում բաց անել հայկական էպոսի մեծ փականքը կամ ազգային ճրագով են ուզում լուսավորել նրա մութ անկյունները, ենթադրելով թե նա էս կամ էն հայ իշխանի կամ թագավորի ապարանքն է24: Մինչդեռ նա հսկայական մի աշխարհք է, ուր ամենքն ունեն իրենց հայրենիքը, և նրան լուսավորում է արեգակը։

Առաջ գալով էս տեսակետից, ընդունված կարծիքին հակառակ, ես ուզում եմ ցույց տալ, որ հայ դյուցազնական վեպը, ինչքան էլ պատմական տարրեր ունենա իր մեջը, իրական վեպ չի. որ Սասունցի Դավթի վեպը Հայկի առասպելն է, որ Հայկ ու Դավիթ միևնույն գաղափարն են արտահայտում, որ Դավիթը կապ չունի միջնադարյան որևէ Դավիթ Բագրատունու կամ այլ հայ իշխանի հետ, և, որ էստեղ Դավիթը հատուկ անուն չի մինչև անգամ, այլ ածական և ընդհանուր շատ ժողովուրդների դյուցազունների համար։