11. ԾԻԾԱՂԵԼԻ ՎԱՅՆԱՍՈՒՆ
Վերջին կաթողիկոսական ընտրության խնդիրը զարմանալի կերպով բաց է անում մեր կղերականների դիմակը։ Օրեցօր նորանոր փաստեր են գալիս ցույց տալու մեզ նրանց իսկական գույնը և մյուս կողմից երևան հանելու պայքարի այն տգեղ եղանակը, որ հատուկ է եղել այդ բանակին տարիներից ի վեր։ Դեռ թարմ է, սեղանի վրայից չի բարձրացած այն մեղադրանքը, որ նրանք այնպես հոխորտանքով շպրտեցին «Հորիզոնի» խմբագրության հասցեին, որ իբր թե խմբագրությունս ցուցակ է ուղարկել Մանկունուն1 ։ Մենք կատեգորիկ կերպով հերքեցինք այդ լուրը. նրանց մնում էր կարմրել: Սակայն չկարմրեցին, և դեռ շարունակում են էլի մեզ «մեղադրել» այդ հանցանքի մեջ։ Բայց խնդիրն այդ չէ։ Ճիշտ այն վայրկյանին, երբ Օրմանյան օջախը մեզ մեղադրում էր ցուցակ կազմելու հանցանքով, ճիշտ նույն վայրկյանին Պոլսո թերթերը բաց արին մի գաղտնի, լավ խնամքով կազմված ցուցակ, որ ոչ միայն Թիֆլիսից Պոլիս էր ուղարկված, այլև այնտեղից էլ «գաղտնի սուրհանդակը» գավառներն էր ցրել: Ցուցակը բռնվեց… Սպասելի էր, որ այս անգամ գոնե «հանցանք» կատարողը և իր հանցանքի մեջ ուրիշին մեղադրողը պիտի կարմրեր։ Բայց այս անգամ էլ չկարմրեցին, այլ փաստաբանեցին, թե Կյուլեսերյան Բաբկեն արհին ինքը իր կամքով է ուղարկել:
Այժմ թուրքահայ գավառներից եկող հեռագիրները ցույց են տալիս արդեն, որ այդ «ցուցակի» պատմությունը շատ հին է, որ Օրմանյան օջախը շատ վաղուց է գործելիս եղել, որովհետև ցուցակի մեջ եղողներն արդեն ընտրվում են — Հ. Հովհաննիսյան, Ս. ք. Աահակյան և… նույնիսկ հայ եկեղեցուն «հրաժարիմք» ասած էքս վարդապետ պ. Երվանդը2։
Եվ, իհարկե, այս դեպքում Բաքվի Արմեն գյուղի ընտրությունները բեկանել տվող գործակալը ապօրինի ոչինչ չէ գտնում։