Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գրեթե բոլոր եկեղեցիներում, երբ մի որևէ ծխական հարց էր հարուցանում, որ խոսեին ընտրելիների մասին, իսկույն լսվում էին ձայները,―սո՛ւս, չխոսե՛նք այդ մասին..․– Առաջին անգամն էր հայ ժողովուրդը լսում, որ պետք է լռել իր առջև կանգնած թեկնածվի մասին… կարծես թե խոսքրը մի ծանր ոճիրի վրա լիներ։ Այնինչ ո՛վ գիտի, այդ նույն րոպեին նրա մասին ինչ էին խոսում այնտեղ, Պոլիս, Ազգային ժողովի ատյանի առաջ։

Սակայն, որքան մերժելի է մեզ համար Օրմանյան եպիսկոպոսը որպես կաթողիկոսական թեկնածու, առավել ևս անտանելի են հայոց մամուլի այն օրգանները, որ պաշտպանում են նրան։

Բավական է աչքի անցկացնել «Հովիտ» կղերական֊ օրմանյանական շաբաթաթերթի հենց վերջին թիվը՝ հասկանալու համար, թե ո՛րն է այն հոգին, որից գարշելով գարշում ենք մենք։ Սրա ետևից անազնիվ անլուր զրպարտություններով ու ստոր պրովոկացիայով քարշ է գալիս «Սուրհանդակ» թերթը, որի համար նույնիսկ օրմանյանական համարվել մեծ պատիվ է։

Բայց ինչու է նա միաժամանակ ավելի շատ սողում վաճառականների ետևից։ Անկասկած ավելի շատ էլ նրան զբաղեցնում է այդ վաճառականների գրպանից մի բան թռցնելու հոգսը, քան թե հայոց կաթողիկոսի խնդիրը։

Այդ նույն հոգսն է ահա և նույն տենչանքը, որ հարբեցրեց ու շշմեցրեց անդունդի ծայրը հասած «Մշակի» ապիկար ղեկավարներին և ստիպեց նրանց անզգուշաբար բացվել վերջնականապես։ Եվ այսօր այս նշանավոր դեպքն է ամենից ուշագրավը, պատմական մի դեպք հայոց մամուլի կյանքի մեջ, և մեր այսօրվան առաջնորդողի սև վերնագիրն էլ սրան է վերաբերում հատկապես։ Աչք ունեցողները վաղուց էին տեսնում նույնիսկ հասարակ աչքով, որ այդ թերթը դավաճանած ամեն ժողովրդական սկզբունքի և հաոաջադիմական գաղափարի, թերթի անցյալին ու հիմնադիր ուղղությանը միանգամայն հակառակ ընթացքի վրա, զբաղված էր շանտաժով, խաբելով կարճամիտ ընթերղողներրին՝ Գր. Արծրունու անունն ու թերթի անցյալը շահագործելով ու նկատողներին անզուսպ հայհոյելով։