Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Այդ ջրաբաշխը եթե ժողովուրդն ասենք, այդ բոլոր աղբյուրներն ու առվակները եթե նմանեցնենք ժողովրդի երգերին ու բանահյուսություններին, նրանց միացման հովիտը պետք է ընդունենք հանճարը, տաղանդը, որ գալիս է յուր լայն հոգով րնդգրկում, միացնում մասերը, ստեղծում մի ամբողջություն։Նա՝ տաղանդը, յուր շնորհքով իրար է անում, ներդաշնակում է, այլև խորհուրդ, թովչություն է տալիս այդ ձայներին, խորություն է տալիս մտքերին, վայելչություն է տալիս ձևերին, շքեղություն է տալիս ոճերին, յուր ոգևորության հնոցում հալում, ձուլում, մշակում, կատարելագործում է՝ միանգամայն կատարելով և մեքենայական, և քրմական պաշտոն։ Այստեղ ահա ժողովրդականից հետո առաջ է գալիս անհատական բանաստեղծությունը, մի մարդ երգում է մի ժողովրդի ձայնով, և այդ մի ձայնը հարազատ է ամեն մարդու համար, հասկանալի ու սիրելի է ամեն մեկին։

Այստեղից պարզ է, որ շրջապատն ու կյանքն են տալիս բանաստեղծի տպավորվող հոգուն գույներ, ձայներ, ձևեր, որոնք և կերպարանավորում են նրա ոգևորության զեղմունքը, սնուցանում և բնորոշում են նրա տաղանդը, դառնում են նրա տաղանդի առանձնահատկությունը։

Եվ արդեն շատ հին գյուտ է, թե հանճարն իրան հետ աշխարհ չի բերում նոր մտքեր։ Նա գալիս, յուր մեջ միացնում, կենտրոնացնում է յուր հասարակության, յուր ազգի ջոկ-ջոկ մտավոր ուժերը, որպես մի դինամիտային ռումբ, որ պայթում է և նրա մեջն է բոլոր բաղկացուցիչ մասերի ձայնը, որպես մի կախարդական հայելի, որ յուր մեջ ցոլացնում է բոլոր ճառագայթները յուր շրջավայրի։

Դեռ XII դարից սկսած Անգլիայի ժողովուրդը սրբազան ավանդություններից, ասպետական երգերից և պատմական ժամանակագրություններից անցքեր էր հանում և ներկայացումներ էր տալիս փողոցներում ու հրապարակներում, մեր ժողովրդի բարեկենդանի խաղերի նման։