Էսօր թղթերիս մեջ գտա մի ոտանավոր՝ փոքրիկ экспромт[1], տակին գրած 1889 թ. «վեչերում». բանից դուրս է գալիս, որ մի տխուր բն<ավորության> տեր սիրելի Նազելիի ուրախությունը ինձ շատ է դյուր եկել և ես գրել եմ.
Ա՜խ, երանի թե լիներ մի հնար—
Այդ ժպիտը միշտ քո դեմքին մնար.
Ես վախենում եմ մի ժամից հետո
Անցնի խնջույքը, և կյանքից դժգոհ
Մտածմունքներով դարձյալ դու տխրես…
Ա՜խ, երանի թե մնայիր այդպես…
<Հ. Գ.>Ա՛յ տղա, քիչ էր մնում մտահան անեմ. ընկերներիդ բարևիր իմ կողմից և մյուս նամակով դրանց անվան և ծառայության ցուցակն ուղարկիր։
Թիֆլիս–Կամենեց-Պոդոլսկ
Ողորմածիկ Համլետը էս թավուր տեղ ա դեմ ընկել, ինչ ասել ա-«լինե՞լ, թե՞ չլինել», հա՜։ Խոլերան եկել ա, աղաքներուս կանգնել, մարդ փախչում ա, գլուխը չի վեր ունում-փախչիլը նամարդություն ա… է՜, ձեռիցդ էլ բան չի գալիս, մնում ես դես դեն մտիկ տալիս, թե տենամ կողքիս ով ա կաթում հասած տանձի նման։ թեկուզ աղաքիդ հազար ծանոթ կոտորվեն է՜, էս անդեր խոլերի վախտը մարդի սիրտ քար ա դառնում, ծիծաղում ա, մարդ ակամա էս ա ասում-տո սարսաղ, խի՞ իր էդտեղ կանգնում, որ վեր ընկնես, տեղը գլխիցդ կտրել է՞ր…
- ↑ Հանպատրաստից ստեղծագործություն։