Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հետևյալ փոստով բանաստեղծություններ կուղարկեմ. այժմ չեմ ուղարկում, որովհետև տետրակներս ուրիշ իրեղենների հետ ջոկ կառքով տարված են։

Եթե խոլերայից պրծնեմ, մի քանի ոտանավոր եմ մատաղ անելու։

Խորասիրտ բարևում եմ տիկնոջը և Բարխուդարյաններին և անկեղծ հարգանքով մնում եմ՝

Հ. Թումանյան

Հ. Գ. Անգիր գրեցի և ահա ուղարկում եմ երկու ոտանավոր1։

Նույն
43. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Ջալալօղլի — Թիֆլիս

1892, VII
Հարգելի բարեկամ,

Ձեր նամակից ցավով իմացա, թե ես չեմ կարող տեսնել գրքի երրորդ սրբագրությունը1, սակայն այդ կարևոր էր, որովհետև ես այնտեղ ուղղելու բաներ ունեի։

Ցանկալի էր տեսնել տպարանի նախահաշիվը. մի՞թե գիրքն այդքան մեծ է դուրս գալիս։

Շուլավերի ժողովարանը (կլուբը) չէր ստացել «Մուրճի» Մայիսի №ը. տրտնջում էին. երևի այն թռած հասցեներից մեկը սրանցն է եղել։

Ինձ համար էլ մի «Մուրճ» ուղարկեցեք։ Առաջիկա №-ի համար Շուլավերից երկու ոտանավոր2 եմ ուղարկել պ. Արասխանյանին։

Այստեղ, չնայելով դեպքեր են պատահել (խոլերայի) գյուղերում, մենք ավելի հանգիստ ենք. ցուրտ է3:

Բարևում եմ մայրիկին և օրիորդին։

Ընդունեցեք հարգանքս, որով և մնում եմ՝

Հ. Թումանյան