Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընտանիքից դուրս անել… էհէ՜։ Այստեղ ես ինչ որ գիտեի, մի քանի հարցեր տվեցի, որոնց պատասխանը կարմրությունն եղավ խոսակցիս այտերի, այն էլ հարցրի, թե եթե իրանք (ինչպես ասում են) վաղ են նկատել այդ հարաբերությունը, ինչու էին ինձ միշտ խնդրում իրանց մոտ շուտ-շուտ գնալու, ինչու էին ծառային ետևիցս ուղարկում, այնքան ձանձրացնում, որ ես ասեմ այստեղ՝ ժողով եմ գնալու, հիվանդ եմ և այլն, և այլն։ Մի քանի խոսքեր էլ ասեցի, որով հայտնեցի իմ ներքին ուրախությունս, որ ընդմիշտ կրվելու եմ այդ շրջանից, ապա թե, երբ որ հայտնվեց, որ ղոչաղ տիկինր հայտնել էր, թե լավ է անում, ինչ որ անում է, ես այդ ինձ համար շատ վատ համարելով, ցույց տվեցի, ուղղակի իրանց տվեցի, այդ տիկնոջ մի նամակը, խնդրելով, որ միայն երկու հոգի տեսնեն և ոչնչացնեն։ Այդ նամակում տիկինն ինձ հանդիմանում է այս խոսքերով. «Ես գիտեի, որ դու անգութ ես, բայց այդքան չէի կարծում… մի՞թե երկու խոսք չունեիր պատասխանելու իմ վեց նամակին, որ ծրարում դրած առանց պատասխանի գլխովս խփեցիր և ամբողջ գիշերը հանգստությունից զրկեցիր։ Մի՞թե դու կարծում ես քո ասածները (պետք է իմանաս ինչեր ես արել) ես կտանեմ առանց վիրավորվելու։ Ո՛չ, ներողություն, ես ոչ հիմար եմ, ոչ էլ, այդքան էլ չկարծես։ Վերջապես, ես գլուխս քարովն եմ տալիս, որ քեզ անհանգիստ եմ անում, հազար ներողություն, այսուհետև հանգիստ եղիր, ես նախանձում եմ քո սառնասրտությանը, թեև ոչ դեպի ամենքը (սա էլ ուրիշի մասին է ակնարկում)։ Այս դեպքում դո՛ւ ինձանից հազար անգամ խելոք գտնվեցար… դարձյալ ներողություն, մոռացիր ամեն բան…» և այլն, և այլն։

Այս նամակը թեև ես ոչ ոքի չէի տալ, այլ կրկին իրան էի վերադարձնելու, բայց արդեն շատ այլանդակ ձևով էին ինձ ցեխը կոխում, և ես տվեցի ոչ թե տիկնոջը մատնելու, այլ ինձ ճանաչեցնելու համար է:

Հա՛, այս օրերում մի նամակ եմ ստանում մի պարոնից, թե տանն սպասիր, երեկոյան ժամը 6-ին մոտդ ենք գալու։ Ասացի անպատճառ միևնույն գործի համար է։