Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե սպասի վերջում՝ ընկած ժամանակ օգնելու։ Եթե սկզբում օգնություն լինի, վերջում օգնության կարոտ չի լինիլ գուցե գրողը։ Այժմ էլ դու ես գրում, Աղայանն էլ էր գրել քո այդ մտադրության մասին, թե ուզում ես մի բան անել։ Ես հիմա այնտեղ եմ հասել, որ պետք է ասեմ, թե բան եք անում արեք, թե չէ այս անորոշ ու անհաստատ դրության մեջ չի կարելի դիմանալ մի մեծ ընտանիքի հոգսեր շալակած և դառնալ գրող։

Հոգեկան վրդովմունքների, տանջանքների ու հոգնածության հետ միաժամանակ ֆիզիկապես էլ քայքայվել, ընկել եմ բոլորովին, մի քիչ ժամանակ էլ որ անցնի, կարծեմ, օգնությունն էլ զուր կլինի, օրհնությունն էլ։

Անհամբեր սպասում եմ և քո կենսագրական գաղտնիքներին. դրանք ինձ համար շատ կարևոր կլինեն։

Նամակս ուզում եմ այստեղ վերջացնել։ Բարև Օլյայից և իմ գերդաստանից։

Այս երկու օրս գուցե գնանք Շուլավեր4. թեև ասում են այնտեղ էլ շատ շոգ է, բայց ինձ համար ավելի լավ է՝ Թիֆլիսից հեռանամ, թեկուզ դժոխքն ընկնեմ։ Այստեղ ամեն օր շոգից մարդիկ են ընկնում փողոցներում։

Հա՛, մի անգամ միտքս գցիր քեզ գրեմ իմ տեսակցությունները կաթողիկոսի հետ5։ Նամակիս պատասխանը գրիր Большие Шулаверы (заказное [1]գրիր):

Քո Հովհաննես

111. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր-Թիֆլիս

<1898, օգոստոսի 14-16, Շուլավեր>

Սիրելի Ֆիլիպ,

Երկու նամակ եմ գրել, ոչ մեկին չպատասխանեցիր1։ Իմանում եմ, որ արդեն վերադարձել եք բոլորդ, շատ փափագում եմ

  1. Պատվիրված։