Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե ինչպես կարգադրեի իմ կյանքը, որ արդյունավոր չիներ գրականության համար։ Ես վաղուց փայփայած մի մտադրություն ունիմ. հենց որ հանգամանքները ձեռնտու եղան՝ աշխատելու եմ իրագործել. բայց այս դեռ չեմ ասում (թեև քանի անգամ ասել եմ, բայց ոչ մեկիդ մտքով չի անցնիլ)2։

Այստեղ կամաց-կամաց էլ պարապում եմ. մի քանի բան եմ գրել, որոնցից երկուսը ժողովրդական բաներ են, որ դուք կհավանեք3։

Ես գուցե մի երեք շաբաթ էլ ուշանամ, մի քանի պատճառներ ունիմ ուշանալու։ Միայն չմոռանաս գրել, թե արդյոք լավ չէ՞ր լինիլ, որ ես մի քիչ առաջ գայի տանըցիներից որ իջվածքս օպերացիա անել տայինք։

Ախպեր, Ֆիլիպն էլ լայաղ չի անում մի նամակ գրի. արժեր, որ մարդ իսկի չբարևեր այդ տեսակ մարդուն, բայց այսուամենայնիվ, ինչ էլ որ լինի մեր Ֆիլիպն է, այս անգամ էլ բարևիր նրան, և նույնպես նրանց, որոնց գիտես բարևում եմ։ Այստեղ մի ներկայացման համար մի ձեռաց ոտանավոր գրեցի Շուլավերի պաչոտնիների վրա4։ Այնպես մի աղմուկ, մի խռովություն ընկավ, որ ներկայացման երեկոյան, եթե նայեիր փողոցները, կկարծեիր, թե մի կարևոր բունտ կա գյուղում։ Ծիծաղելին այն էր, որ ամբոխը՝ պաչոտնիների ոտնատակած ամբոխն, ավելի խիստ էր հուզվել։ Սպառնալիքն այնպես մեծ եղավ, որ երիտասարդները պատրաստած ոտանավորը հանեցին ցուցակից, վախենալով, որ ինձ հետ անախորժություն պատահի, ինչպես նամակներով ու պատգամավորների բերանով սպառնում էին։ Շատ փոքրոգի մարդիկ են այստեղի երիտասարդները։ Առհասարակ մի զարհուրելի ու զզվելի աշխարհք է սա, եթե մի քիչ ճանաչես։ Իսկ դրսից նայելիս այնքան էլ վատ չի։ Այնպիսի մարդիկ կան, որոնց լոկ տեսնելու համար պետք է Հովբի համբերությունն ունենալ5 և գոմեշի ջղեր։

Քո Հովհաննես