Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քո նոր նյութը-«Ես ու իմ սիրտը», ճիշտ որ լավ նյութ է։ Ես մի քանի անգամ զբաղվել եմ այդ նյութով. հիշում ես անշուշտ «Դաշնակների» ոտանավորը «Կասկած» վերնագրով. «Ո՞վ ես, չար ոգի, դո՛ւ, որ իմ սրտում» և այլն2։ Մի ուրիշն էլ ունեմ, նույնպես առաջուց գրած.

Օ՜, սիրտ իմ, սիրտ իմ, տակավին մատաղ,
Քեզ ո՜րքան ցավեր ճըմլել են հաճախ3

Այստեղ մոտս չի հիմա։ Բայց քո նյութը կարդալուս պես, թեև ոչ ուղղակի նյութդ, բայց էլի սրտի աշխարհիցդ գրեցի այս երկու տունը.

Ափսոս․․․

Լըսի՛ր, սիրտըս երգ է ասում,
Նըվո՜ւմ, նըվո՜ւմ անդադար,
Լաց է լինում ու ափսոսում
Ինչ որ չըկար… ինչ որ կար…

Ափսոսում է ինքը իրան,
Այնպես կամա՜ց, այնքան խո՜ր…
Ափսո՜ս, որ չես լըսում նըրան —
Իմ սև սըրտին սըգավոր։

Թաժա-թաժա ուղարկում եմ քեզ։ Առաջին տան չորրորգ տողր գուցե մութն է. միտքն այն է, թե-(ափսոսում է) ինչ-որ (ուզում էր ու) չի պատահել, չի եղել, չկար, և ինչ որ՝ եղել է, անցել է, կար4

Այստեղ գավառապետի օգնականը՝ Левенец, մի զգայուն ու կրթված մարդ է, շատ սրտալի ծանոթություն է սկսել ինձ հետ այս ամառվանից։ Իրան մայրն էլ է գրում։ Իմ մասին գրել էր մորը, նա էլ ուղարկել է իր գրտծ ոտանավորներից մեկը՝ «Сон». այսօր ինձ հանձնեց։ Մայրը իմ մասին տեղեկություններ է ուզում, իսկ քույրը այնքան է հետաքրքրվում հայերով, որ ուսանողները անվանում են