Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրանք այնպիսի մարդիկ են, որ գրականությանը մոտենում են անկեղծ դրդումներով ու գիտակցաբար, այն ժամանակ իմ գալն ավելորդ է, միտք չունի, և նույնիսկ, նրանք՝ իրանք էլ չպետք է ցանկանան ու թույլ տան, որ գրող մարդը այդպիսի անհարմար ու անվայել դրության մեջ լինի։ Ես երգիչ չեմ, որ գամ երգեմ ձայնս հավանեն. արդեն մի քանի կտոր բան ունեմ հրապարակում, եթե դրանցից նկատում են, որ մի որևէ ընդունակություն կա իմ մեջ, պետք է լավ հասկանան, որ այդ ընղունակությունր հարկավոր է զարգացնել ու արդյունավորել, ճիշտ այնպես, ինչպես Բաքվում նավթային հողի վրա ծախք են անում, հոր փորում, խորացնում և այն ժամանակ է նավթ դուրս գալիս։ Թող բանաստեղծի տաղանդն էլ համարվի մի նավթահոր, որ պետք է շահագործել։ Իսկ եթե իմ դրության մասին են ուզում հավաստիանալ, ես այդտեղ այնքան ընկերներ ու բարեկամներ ունեմ, որ ինձ հարցնելն ավելորդ է։ Բայց եթե դրանք այն մարդիկը չեն, ինչ որ ասացի, այն ժամանակ իմ գալն ավելի ևս անկարելի է, որովհետև բանաստեղծ լինելով և խոր զգալով հանդերձ, ոտնակոխ կլինեի արած իմ արժանապատվության զգացում ունքը, ստորացած կլինեի նույնիսկ իմ աչքում, որ հազար անգամ ավելի վատթար է, քան թե այսօրվան դրությունը, երբ երեխաներիս, ուսման վարձի պատճառով, արգելել են ուսումնարան գնալ, տանս վարձը, գրեթե կես տարով է մնում, էլ պարտք անելու տեղ չի մնացել, և պարտքատերերս էլ համբերությունից դուրս են եկել։ Իսկ խնդիր չեմ ուղարկում նրա համար, որ, ինչպես գրում ես, մեջը պետք է հիշեմ, թե Ռուսաստան եմ գնում։ Այս րոպեիս ես ինչպես կարող եմ Ռուսաստան գնալ, թեկուզ այս տարի, ետևիցս թողնելով մի այսպիսի ահագին մանրապճեղ ընտանիք ու պարտքատերերի մի բազմություն։ Վերջապես ինչ բան է խնդիրը, ես չեմ հասկանում, երբոր այդ մասին ես գրագրություն ունեմ, նրանք էլ քեզ հավատում են։ Գրողի հետ չպետք է պայմաններ կապել, գրողին պետք է րնթացք տալ, հնար տալ, և նա կտա այն, ինչ որ թերևս չեն էլ սպասում։