անգիր, գիտեն՝ որ թվին ինչ գիրք եմ տպել, որ թերթում ինչ եմ գրել և այլն. մի խոսքով, շուտով տարածվեց, որ ես ազգային մի ջոջ եմ, ոչ թե Վարշավից եկած մի հրեա վաճառական։ Բանից երևաց շատերն այսպես են կարծել։ Ասում եմ՝ ինչի՞ց էիք այդպես ենթադրում, թե՝ գլխարկից. նոր առած գլխարկն էր գլխիս։
Վերջապես այժմ Ուրավել եմ։ Երեկ ենք եկել։ Գիշերս քնեցի Գալֆայանի մոտ. ամբողջ գիշեր չեմ քնել-մի դժոխային գիշեր։ Այստեղ տներ չկան կարգին, բոլորը տախտակով շինած բուդկաներ են, ուղղակի բուդկաներ բաղլինջով ու լվով լիքը։ Ահա այդպիսի մի բոլղկա էր բռնել և Գալֆայանը 35 ռուբլով։ Հազիվ լուսացավ, սկսեցի գլխիս ճարը տեսնել։ Ցույց տվին մի լավ դաչա, այսինքն՝ մի քիչ մեծ բուդկա, իբր թե այնտեղ քիչ բաղլինջ կար. հարցրի գինը՝ 65 ռ.։ Վերև մի ուրիշը գտա, որ, հին ժամանակ հիվանդանոց է եղել, այստեղ նրա խոհանոցն է եղած, այժմ ավերակ, այդ ավերակ կուխնյան այժմ նորոգում են. ամենահարմարն այդ համարեցի ու վարձեցի 30 ռ., իսկ եթե մինչև օգոստոսի 1-ը մնամ՝ 20 ռ.։ Սրանից հետո գալիս է այն լավ դաչի տերը՝ թե ձեր ազգանունն ինչպես է, ասում եմ Թումանյան։ Թե դուք Հովհաննես Թումանյա՞նն եք-այո՛։ Դուք տեր Թադևոսի որդի՞ն եք-այո՛։ Ասում եմ՝ որտեղի՞ց եք իմ հորը ճանաչում։ Բանից երևաց՝ տերտերի գործակալ ժամանակ ուսուցիչ է եղել Գյառգյառ, տերտերը սրան պաշտպանել է, շատ սիրով են եղել։ Ասում է՝ թեկուզ փող էլ միք տալ, կես գինը տվեք, ավելի պակաս տվեք, միայն իմ դաշում կացեք, որ ես ձեզ մի լավություն լինեմ արած։ Բայց այն մարդկանց խոսք էի տվել։ Այժմ նրանց տանն եմ։ Ահա գիշերվա ժամր 10-ն է. մութը, մեծ մասը քնած են, ես գրում եմ քեզ. նամակս պետք է վերջացնեմ, որ ձուն ու կաթը՝ ընթրիքս, դեռ մնում է առաջիս դրած։ Հենց նոր եմ սարքվեր նոր եմ տեղս շինել, այսքան մեծ չարսավներ, այսքան փոքրիկ դոշակին։ Անկողնիս տակը գցելու մինդար առա, մութաքա չեմ գտնում։