Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զանազան բարդ մրգեղեններով և զանազան թանկագին քաղցրավենիքներով պատվասիրելով (ինչպես ուզում է կամ պահանջում տիկին Օլյան), այլ այդ ամենի փոխարեն…»։ Գիտենաս, որ ես եմ, որ չեմ թողնում տիկնոջը նեղանալու… բայց լավ բան չի. ահագին կռիվ ընկավ։ Նա ասում էր, դուն ես մեղավոր, ես ասում էի՝ դուն։ Բանն այնտեղ հասավ, որ պետք է գործդ թողնեիր, գայիր դարձյալ հաշտեցնելու, որովհետև Ղուկաս Առաքյալն ասում է — «շունը սպանողին քաշ տալ կտան»4։ Կամ այս տողերն ի՞նչ կնշանակեն — «չորս օրինակ քո տպագրելիք տետրակներից նշանակիր մեզ վրա… բաժանորդագինը կստանաս (բան ա, որ չստացա՞). ամաչի՛ր, զգուշացիր և մյուս նամակով ներողություն խնդրիր, որ թողություն ստանաս։ Չնայելով ուրիշ բան էի գրելու, բայց բանն այսպես եկավ, սակայն այժմ ստիպված եմ սրա թելն էլ կտրել և բոլորովին ուրիշ բան գրել. — հրես էս, այ.—խաչը5 (քեզ պահապան օգնական) դրած տեղն էի հասել (հրեն ա՛յ խաչը), որ Հայր Բեկնազարյանցը և պ. Ղ. Աղայանցը տուն մտան։ Տեր Հովհաննեսը կես ամիս է ամառանոց է գնացել, մենակ ես եմ։ Բեկնազարյանցը մե մեն դաչիցը գիշերներն մեզ մոտ է գալիս, այստեղ հիշեմ, որ սա ինձ սիրում է անկեղծորեն, ղալմաղալ անելով եկան թե՝ քեզ վիզիտ ենք եկել, ախպեր, բարով, հազար բարի։

(Ճաշադեմին ժամը 10-ին). — Նստեցինք, սարից ձորից, հետո իմ ոտանավորից, կարդացինք «Լոռեցի Սաքոն»։ Աղայանցը նույնիսկ առաջին տողերից շատ բծախնդիր լինելով, ես ստիպվեցա պահպանողական դիրք բռնել. միմյանց չզիջանք. այնպես որ բանը վիճաբանության փոխվեց (բայց, իհարկե, մեղմ)։ Այս մարդու հատկանիշն է միշտ նախապաշարված վերաբերվել դեպի ուրիշներր։ Դեռ կեսը չհասած մի գոռգոռոց սարքեց, թե բոլորովին հոգեբանությանը հակառակ է Սաքոյին խելագարեցնելը։ Ես հակառակն ապացուցեցի, բայց նա դժգոհ իմ բացատրությունից այսպիսի հարցեր առաջարկեց. - տարվա ո՞ր եղանակին է խելագարվում։