և աչքն է բացվում և սիրտը։ Իզուր չեն ասել, թե շատ կարդացողը չի իմանալ, շատ ման եկողը կիմանա։ Մանավանդ գրողի համար…
Նոր եմ վերադարձել Անի քաղաքից, հոգնած եմ ու ծանրաբեռնված տպավորություններով։ Ամեն տեղ շատ սիրալիր ընդունեցին ու ճամփու դրին։ Բայց այս երկար բան է. շուտով այդտեղ կլինեմ կպատմեմ։
Դու դրել էիր, որ Աքելից (խնամի) ես 25 ռ. եմ ստացել։ Աքելից բան չեմ ստացել։ Լիզան ինձ տվեց 50 ռ.։ Ես չէի վերցնում, թեև փող չունեի, 35 ռ. էլ պարտք ունեի այդ ժամանակ, ասում էի՝ ով գիտի, կարող է նրան էլ պակսիլ, բայց զոռով տվեց ու ես էլ հաշիվներս վերջացրի, ոտս բացվեց, սկսեցի ճանապարհորդել։ Աբասթուման մի քանի ուրախ օրեր անց կացրինք, բայց Մարուսյայի տոնին քո «գիպոպոտամը» չերևաց։
Նամակիս տեղ ես պետք է գայի, բայց չեն թողնում, այնպես որ, մի երկու օր էլ կուշանամ։ Շատ ու շատ բարևներ բոլորին։
160ա. ՎԵՆԵՏԻԿԻ ՄԻԱԲԱՆՈԻԹՅԱՆԸ
Ալեքսանդրապոլ—Վենետիկ
Վերապատվելի հայրեր,
Ճանապարհորդելով Շիրակի գավառում ու ման գալով նրա ավերակները, մենք անդադար հիշում էինք ձեր բազմավաստակ միաբանությունը, որ պանդխտության մեջ երկու հարյուր տարի շարունակ երգեց ու պատմեց մեր տխուր հայրենիքն ու նրա ավերակները և առաջինը մայրենի լեզվով մեզ ծանոթացրեց եվրոպական հանճարների հետ։ Երախտագետ սրտով ողջունում ենք ձեր պանծալի հոբելյանը,