Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համբուրում անմահ Մխիթարա և նրա մեծանուն հետնորդների շիրիմները։

Հովհ. Թումանյան
Հովհ. Կոստանյան
Ավետիք Իսահակյան

161. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Ղարաքիլիսա — Թիֆլիս

<1901, 4 սեպաեմբեր>, Ղարաքիլիսա

Օլյա ջան,

Թեև գրել էի, թե ամսի 2-ին կլինեմ Ղարաքիլիսա, բայց երկուսին միայն Անիից վերադարձա։ Վերադարձանք ուշ գիշերով, գիշերվան կեսին էլ վերցրին տարան կլուբ, մյուս օրը՝ գիշերն էլ թատրոնում ներկայացում ու գրական երեկո կար Մխիթարյանների հոբելյանի առթիվ1, այնպես որ միայն այս գիշեր կարողացա գալ Ղարաքիլիսա։ Գիշերվան ժամը 12-ին վոկզալում, հենց վագոնից իջա, տեսնեմ առաջս կանգնած Երվանդն ու Տիրուհին. եկել էին ուրիշին ճամփու դնելու, բայց ինձ սպասում էին օրեցօր։ Բոլորը լավ են. շատ ուրախացան, ստիպում են, որ մի քանի օր մնամ, բայց ես էլ վռազում եմ… եթե թողնեն կարող է պատահել, որ նամակիս հետ գամ։ Կարծում էի, թե նամակ կլինես գրած, փոշտում հարցրի, կայարանում հարցրի, ոչ մի տեղ չկար, այնինչ ես քեզ գրել էի, որ նամակ գրես Ղարաքիլիսա։ Այժմ էլ մի՛ գրիլ, գուցե չհասնի, գալիս եմ, թեև չգիտեմ, որ օրը այդտեղ կլինեմ. համենայն դեպս դու միշտ պատրաստ եղիր…

Անի քաղաքում քիչ մնաց մեզ սպանեին։ Գիշեր էր, երբ քաղաքը մտանք. պահապանների շները դուրս թափեցին, պահապանն էլ վախից՝ կարծելով թե ավազակներ ենք, հրացանը կրակեց մեզ վրա մի խոսքով անփորձանք պրծանք։