Ասում ենք՝ ա՛յ աղա, այս ինչ արիր—ասում է՝ աղա, ես կարծեցի ավազակներ եք կամ ջանավարներ2։
Չգիտեմ ստացե՞լ ես, թե չէ իմ այն նամակը, որ թագուհու ծաղկանոցից ծաղիկներ էի դրել մեջը3։ Ամսի կարծեմ 20–ից ես քեզանից նամակ չունեմ. մինչև անգամ չիմացա՝ փողը ժամանակին ստացա՞ր, թե չէ կամ ինչպես վերադարձար, միայն այստեղ Օսեփի նամակից իմացա, թե եկել ես և երեխաները լավ են։ Եղիսաբեթը, Տիրուհին ու Երվանդը շատ բարևներ են անում. արդեն գիշերվա ժամը 11–ը լրանում է, ուզում եմ պոեզդին հասցնել, որ առավոտն ստանաս։ Մերոնք՝ Ռոստոմը, կինը, Իսկուհին, Աստղիկն այստեղ են եղել ուխտին, մայրս ուզել է գալ Ուրավել, կարծելով, թե վտանգավոր հիվանդ եմ, ընտանիքից հեռացրել են։ Պինդ համբուրում եմ քեզ ու երեխաներին։
<Հ. Գ․> Վոկզալ[1] չգաս — ով գիտի, որ պոեզդով[2] կգամ ։
162. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Թիֆլիս-Ղազարապատ
Սիրելի Ավետիք,
Նամակդ միայն երեկ եմ ստացել1. մինչև այժմ «Տարազի» խմբագրատանն ընկած էր մնացել։ Ինչու իմ տան հասցեով չես գրում—Бебутовская ул., 50.
Աղբալն այստեղ է2. պաշտոն ունի-չեմ հիշում՝ որտեղ ասավ։ Դերենիկից լուր չունեմ, երևի դեռ Արդահան է։ Շանթից ստացա վերջին սպառնական նամակը, որ եթե չպատասխանեմ… դարձյալ կգրի4։ Երեկ նամակ գրեցի, քո մասին էլ էր հարցրել՝ գրեցի5։