«Վտակը» արդեն ցրվում է, թեև դեռ Պետերբուրգից ծախելու թույլտվություն չեն ստացել6։ Թույլտվության ուշանալու մեղավորը տպարանն է եղել, թույլտվության խնդրի հետ տպարանի վկայականը չի ուղարկել, պահանջել են այնտեղից, նորից ղրկել են։ Այժմ այս երկու օրս են սպասում, որ պաշտոնապես հրատարակված համարվի։ Ուրիշ նորություն չկա գրական աշխարհում։ Շիրվանզադեն մի դրամա է դրել, այս քանի օրս կարդալու ենք7։ Ինձ «Մուրճի» խմբագրատուն են կանչել, դեռ չեմ գնացել. չգիտեմ՝ ինչ են ասելու։ Դու արդեն գիտես իմ վճիռը8։
Առայժմ դասեր չկան, հենց լինի թե չէ, կգրեմ, հարց ու փորձ եմ անում։ Ես էլ դեռ կարգի չեմ ընկել, տունս պետք է նորոգեմ, թափթփած սպասում ենք։ Միտք ունեի այս ձմեռ ժողովներս կրճատել, բայց, ինչպես երևում է, չի լինելուս 3-4 գիշեր արդեն ծախված է, մինն էլ «Վերնատանը»9, և ահա չեմ կարողանալու պարապել, որովհետև բարեկամների գնալ գալուն էլ եմ ժամանակ նվիրում և, բացի դա, դեռ մի երկու ժողովներ էլ չեն սկսել։ Ինչպես լավ կլիներ, եթե մարդ հարմարություն ունենար գավառական քաղաքում ապրելու։
«Վերնատան» մասին ես հարցնում։ Առանց «Վերնատան», իհարկե, ապրել չի լինիլ։ Երբոր դու կգաս, Նիկոլն էլ այստեղ է, Դերենիկն էլ կգա-կսկսենք։
Պատկերներից մի երկուսն եմ շինել, այն էլ ուրիշները տարան։ Շանթին ղրկեցի։ Շուտով Ձեզ էլ կղրկեմ10։
Բարևիր ինձանից տանըցոնց բոլորին և Հովհաննեսին11 երբոր տեսնես։