Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այստեղ էլ իմ քեֆը չի վատ, թեև ծոցումս ոչ ատեստատ ունեմ, ոչ դրամա, այլ մի կին, որը, ինչպես շատ իմաստուն կերպով նկատել են մեր նախնիք, վնասակար է մարդու հոգու համար։

Աշխատում եմ պարապել և գրեթե ամեն օր կարողանում եմ պարապել, թեև դեռևս по чайной ложке. Ստամոքսս ավելին չի ընդունում. որ մի քիչ ավելի եմ պարապում, թուլանում եմ։ Բայց զգում եմ, որ ոչ մի օրս կորած չէ այստեղ։

Աղայանի հետ թափառում ենք ամառանոցի չորս կողմի աղբյուրները։ Հենց այս րոպեիս լսեց, որ քեզ նամակ եմ գրում, գոռում է, թե ինձանից էլ շատ բարով արա։ Այսօր մի ձի առավ, որ ձիով ման գա։

Երեկ ինձ հետ մի այսպիսի դեպք պատահեց։

Մի բրոշյուր էի կարդում. «Հոռետեսությունը գրականության մեջ, կարդում եմ, թե… «և Լեոպարդին 30 տարեկան հասակում արդեն ծեր էր… Լենաուն 30 տարեկան հասակում արդեն ծեր էր…»։

Այս բրոշյուրը պրծա, վերցրի «Ֆրանսիական գրականության պատմությունր» «поэзия»-ն և կարդում եմ՝… և Ալֆրեդ Մյուսյեն 30 տարեկան հասակում արդեն կատարյալ ծեր էր3

Այստեղ արդեն փակեցի, վերցրի մի ուրիշ դիրք և ինչ եմ կարդում «…33 տարեկան հասակում արդեն սպիտակ էին նրա (Բայրոնի) մազերը…»։

Ինչ ես կարծում. դիմացս դրած հայելու մեջ նայեցի ինձ և… ամբողջ օրը պառկեցի։ Իրիկնադեմին ուզեցի քեզ նամակ՝ գրել, բայց շատ մռայլ էի տրամադրված, ով գիտի ինչե՜ր էի դուրս տալու, էլ չգրեցի։

Ինձանից շատ ու շատ բարև արա պ. Հակոբին, տ. Մարգարիտին, Արշակին, Աքելին և ով կլինի այդտեղ։

Մխիթարն եկա՞վ, թե չէ. քեֆն ինչպես է։

Օլյան խնդրում է, որ բարև գրեմ։

Համբույրս։ Քո Հովհաննես