արդեն դրանից։ Նա առանձին նշանակություն չպետք է ունենա։
Սակայն այս մասին դարձյալ գրագրություն կունենանք, անշուշտ կգրեք Ձեր կարծիքները, կգանք մի եզրակացության։ Նույնպես բաժանորդագրության մասին։
Առայժմ Ձեզ բարի ճանապարհ եմ մաղթում ու հաջող վերադարձ, իմ կողմից էլ խոնարհ ողջույն Հայրիկին, հիացման մի հայացք վեհափառ Արարատին, մի խոր հառաչանք Անի քաղաքին և Ձեզ կարոտալի բարևներ։
190. ՓԻԼԻՊՈՍ վԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Աբասաթուման-Թիֆլիս
Սիրելի Ֆիլիպ,
Ստացա նամակդ1 Շանթի կարտի2 ու Մարուսյայի մակագրության հետ։
Շանթին, եթե կարող ես հասցեն իմանալ, մի հեռագրով շնորհավորիր իմ ու քո կողմից։ Ես չեմ իմ անում, ամեն մի կարտը մի քաղաքից է գրած, ով գիտի, որտեղ է։ Գուցե գտնես դու։
Մարուսյային շնորհակալություն եմ հայտնում մխիթարանքի համար։ Հիրավի, աշխարքում ինչեր չեն պատահում, և բոլորը թյուրիմացությունից։ Իսկ կանայք իրանք արդեն թյուրիմացություններ են, և վայ նրան, ով որ իրեն «իմացությունը» կտա այդ «թյուր»-երին։ Նրա հետ շատ բան կպատահի աշխարքում, և պետք է նրան միշտ մխիթարել3։
Ոտանավորների ընտրության համար արած քո վերջին կոմբինացիային համաձայն եմ, բայց մի հավելվածով, որ այդ խմբի ջոկվածներն էլ վերջին անգամ ես նայեմ4։