Ավելին ասեմ. այդ պարոնը մի ուրիշի (Գ. Բալասյան) ղրկել էր ինձ մոտ, որ նա գա ինձ խոսեցնի, կարդացնի իմ «Հազարան բըլբուլը» ու գնա նրան պատմի։ Սա էլ եկավ, հարց ու փորձ արավ, էլ չգիտեմ ինչ խոսեցինք, իհարկե, ինչ պետք է՝ կարդացի, ու գնաց։ Մի ուրիշ անգամ պատահում է՝ թե հապա- նա էր ինձ խնդրել և այլն։
Միմիայն կարելի է զզվել, ինչպես իրենցից, այնպես էլ իրենց գրվածքից։ Նա կարծում է գաղտնիքը նյութի մեջն է թշվառականը իսկի բան չի հասկացել ու դուրս է տվել տակից գլխից։ Այդ դրանց խելքի բանը չի։
Յուրի Վեսելովսկին մի նամակով ինձ մի քանի հարցեր է տվել3։ Պատասխանս գնաց թե չէ՝ Շահազիզն անպատճառ կկտրի այն նպաստը, որ ստանում եմ գրական ֆոնդից։ Բայց թեկուզ դրական ֆոնդն էլ քանդվի, ճշմարիտն այն է, ինչ որ ղրկում եմ։
Քո դափնիները հանգիստ են տալի Ռուստեմին և պալատումն էլ չի կարողանում հանգստանալ՝ վոդևիլ է գրում։ Բայց իմ այցելությունից հետո, ինչպես գրում է, վոդևիլը շատ է կարճացել, եթե մին էլ այցելեմ…4
Մի ֆրանցուժենկա է ղրկում այստեղ, կարծեմ ֆրեյլենի ֆրեյլինան։ Գրել է, որ տեղ գտնեմ։ Ես չգիտեմ դու ինչպես կվարվեիր, եթե այս տեսակ խնդրով քեզ դիմեր մի ընկեր, մարդ, բայց ես Ռուստեմի խաթեր մտածում եմ՝ հենց ինձ մոտ տեղավորեմ…5
Բարևներ բոլորին։ Ես զարմանում եմ, թե Շուշանն ինչու լռեց։
Ասում է, որ խունկ են ծխում՝ սոխակներր լռում են, իմ բանը դուրս եկավ, ոտանավոր գրեցի՝ Շուշանն ու Մարուսյան էլ հերթով լռեցին6։ Կարծեմ քեզ էլ գրեցի Բորժոմից7, բայց հազիվ թե քեզ կարելի լինի սոխակ անվանել. փորձով կտեսնենք։