Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

217. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

<1902>, 13/XI, Աբասթուման

Սիրելի Մարիա Մարկովնա,

Ստացա1։

Ինչ գրեի սնունդի համար։ Ավելին սրանք ոչ մի կերպ չէին կարող անել, իսկ եղածն այնքան համեստ է, հիրավի, որ լավ սնունդ չի ասվիլ ոչ մի կերպ, որքան էլ ներողամիտ կամենանք լինիլ։ Բանն այն է, որ, կինն անցյալ օրը գաղտնի ասավ, ամսական այդ ծախքերի համար սրանք որոշած են 30 ռուբլի, իսկ այդ 30 ռուբլուց էլ ինքը՝ կինը, մի բան ետ է գցում, որ պարտքերը վճարի։ Մարդը հիվանդոտ, գրեթե, փսիխոպատ մի արարած է, երբեմն կբացվի մի քանի վայրկենով, իսկ շաբաթներով կմթնի ու կանի ամեն տեսակ տարօրինակություններ։ Խեղճ կինը, որ մի շատ ժրաջան ու համեստ կին է, շարունակ ահ ու դողի, վրդովմունքների մեջ է։

Սրանցից ինչ գրեի. եղածն էլ չէին խնայում։ Բայց, ինչպես գրեցի, բավական խեղճ ու, մանավանդ, ռուսական, որ ինձ շատ բան իսկի դյուր չի գալիս։ Չեմ կարող պահանջել հո, որ նրանք ուրիշ տեսակ կերակուրներ սովոեն: Սակայն առավոտները միշտ կաթն ու ձու ունիմ և երբեմն ես էլ առանձին բան եմ առնում, այնպես, որ գանգատվելու կարիք չկար։ Գանգատվելս անխղճություն2 կլիներ, մանավանդ, նրա համար, որ շատ քաղաքավարի են հետս մաքուր և կանոնավոր։

Ռուստեմի պահանջածներն ունենալու համար՝ այստեղ պետք էր ավելի մեծ ծախսեր անել։ Սակայն, արդեն քիչ է մնում, դեկտեմբերի սկզբին կգամ3։ Ռուստեմը երևի գրած կլինի, որ առողջ եմ։ Աբասթումանում՝ այս օդի ու ջրի մեջ, կարելի է ոչինչ չուտել ու առողջանալ։

Այնքան դերասանական խմբի անհաջողություններով չեմ տխրում, որքան ուրախանում եմ սիրողների հաջողություններով։ Սաստիկ հետաքրքրվում եմ և ուզում եմ տեսնել