Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նամակ բերում։ Այս անգամ էլ գնաց, մոտեցավ նոր եկած, թափված նամակների կույտին, մինը վերցրեց և իսկույն ետ դառավ, սկսեց կարդալ։ Երեք անգամ կարդաց ու փոխվեց։

Մլուս օրը նաչալնիկից արձակուրդ է առնում, գնում Բորժոմ։ Հանկարծ երեկ ինձ ասում են, թե Սախվարելիձեն իրեն զարկել է։

Ասում եմ նա Բորժոմ է։ Թե`գիշերս ժ. 12-ին եկել է, ու մի կես ժամից իրեն զարկել է ռևոլվերով[1]։ Բանից դուրս է գալիս, որ ոչ թե Բորժոմ, Թիֆլիս է եկել ու վերադարձել, այդպես արել։ Իսկույն գնացի։ Գնամ տեսնեմ սենյակն արյունով լիքը, բարձն ու անկողինը արյան մեջ թաթախված, ինքը պառկած գունատ, հևում է։ Մի երկու վրացի ծանոթներ մոլորված կանգնած։

Ասում եմ՝ տո՛, էս ինչ ես արել։ Ասում է՝ կյանքը ձանձրալի էր, ուզեցի ազատվեմ, տարաբախտաբար չկարողացա։

Մեկն ասում է՝ լավ է մի քիչ ներքև չի զարկել, թե չէ կդիպչեր սրտին։

—Ա՜խ, երանի թե մի քիչ ներքև լիներ, հառաչում է սա՝ հիվանդը։ Մյուսն ասում է՝ լավ է գլխին չի զարկել։ Այդտեղից խոսք է ընկնում, թե ինչու գլխին չի զարկել, այլ սրտին։ Գտնում ենք, որ սիրտն է եղել մեղավոր, ծիծաղում ենք, ինքն էլ է ծիծաղում։

Ես ասում եմ՝ Սախվարելիձե, էդ էն օրվա նամակն արավ։ Խոստովանում է։ Խոսում ենք սիրո մասին, փիլիսոփայություն ենք անում, թե ինչ տեսակ զգացմունք է այգ, հասնում ենք կանանց…

Դուք լսո՞ւմ եք. հանաքներ ենք անում, նա էլ մեզ հետ, գնդակը կրծքում, գունդ-գունդ արյուն թքելով, ու երբեմն խոսելով գնդակի մասին, թե որտեղ է այժմ, թիակի տակն է մնացել, թե թոքերին է դիպել…

  1. Ատրճանակ։