Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն… մեկը3։ Մի խոսքով եկեք, եկեք և այստեղ շատ բան կիմանաք ու շատ բան կունենաք անելու։

Ձեզ անհամբեր սպասող՝

Հովհ. Թումանյան

241. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Շուլավեր

<1903>, հուլիսի1 5, Աբասթուման

Սիրելի Օլյա,

Այժմ պատմեմ, թե ինչպես տեղ հասա ու տեղավորվեցի։ Առաջին գիշերը եկա Բորժոմ, իջա հյուրանոցում։ Մյուս օրը գնացի Արշակի տունը։ Գնալիս ճանապարհին իրենք պատահեցին ու շատ ուրախացան թե՛ Արշակը, թե՛ Դարիան։ Թեև հանդիմանեցին, թե ինչու եմ հյուրանոցում իջել, բայց միևնույն է, իրենց մոտ տեղ չկար, որովհետև Դարիայի մայրն ու քույրն էլ հյուր էին եկել։ Երկու օր ու երեք գիշեր մնացի այնտեղ։ Պատահեցի ծանոթների։ Իմիջիայլոց մի իրիկուն պարկում պատահեցի տիկին Ոսկուն2։ Բարևեցինք։ Մի՞թե ճանաչում ես դրան, զարմացած հարցրին ամեն կողմից։ Բանից երևում է այստեղ էլ են վրեն խոսում։ Ահա թե ընչի համար է ասված ավելի լավ է մարդու աչքը վայր ընկնի, քան թե անունը։ Բայց այս մասին չպատմես։ Եկա, մի գիշեր էլ մնացի Ախալցխա, վերջապես 28–ին հասա Աբասթուման։

Հենց առաջին օրր այցելեցի Լիզային։ Այն էր ու այն, թեև փողոցում պատահել ենք, բայց ոչ ինքն է հրավիրել, ոչ ես եմ գնում։ Իսկ տիկ. Մելիք-Հայկազյանը գալուս պես ինձ տարավ իրեն մոտ, չթողեց հյուրանոց գնամ։ Մի քանի օր մնացի նրան հյուր մինչև սենյակ գտա։

Այժմ էլ մոտիկ ենք, շուտ-շուտ գնում եմ նրանց մոտ, միասին գնում ենք զբոսանքի, շուտ-շուտ հրավիրում է։ Այստեղ են և Թումանյանները. նրանց մոտ էլ եմ մնում.