Պետք է ասեմ, որ բոլոր ծանոթներս շատ ուրախացան։ Երեկ ինձ մոտ էր իմ Тячкин–ը։ Շատ ափսոսացի, որ նրա սենյակը արդեն բռնված էր։ Ասում է՝ շատ սպասեցինք. նոր էին տվել վարձով։
Սենյակները սաստիկ թանկ են։ Մի սենյակը 70—150 ռ.։ Բայց 70 ռուբլիանոցը միշտ կամ խոնավ է, կամ փոքր ու մութը։ Իմ բռնածը բավականին լավ սենյակ է։ Գեղեցիկ, արևի դեմ, բավականին ընդարձակ։ Ասեմ՝ ինչ ունեմ։ Մի շկաֆ [1], մի կոմոդ, մի լվացարան, մի հայելի, մի մահճակալ քնելու համար, մի կուշետկա[2] առաջին մի սեղան, մի բազկաթոռ և մի քանի աթոռներ։ Սենյակն ու պատշգամբն էլ զարդարած վարագույրներով։ Տանս տերը գերմանացի մի բարի ու քաղաքավարի ծերունի է։
Ճաշ էլ իրենք բաց են թողնում։ Ինչ որ ուզում եմ՝ ընտրում եմ։
Առավոտները մի բութիլկա[3] կաթն են բերում, մի կեֆիր ու մի բաժակ արաժան։ Այստեղ ավելի էժան է, քան թե Բելի Կլյուչ։ Մի շիշ կաթը՝ 3 ½ բաժակ՝ 10 կոպեկ։ Ձուն՝ 5-6-ը մի շահի, մի բաժակ արաժանը՝ 10-15 կոպեկ, կարագը՝ 40-50 կոպեկ։ Այստեղ միայն սենյակն է թանկ։ Ես իմ սենյակին տալիս եմ ամիսը 40 ռուբլի, միայն ծառան է իրենցը, որ առավոտ-իրիկուն գալիս են «հոգում», ինչպես իրենք են ասում։ Երկուսն էլ տիպիկ հայեր են։ Մեկի անունը Բաղդասար է, մյուսինը՝ Կարապետ։
Ձեն եմ տալի՝ Բաղղասար, Կարապետ։ Իրար ետևից թմփթմփալեն վազելով գալիս են։
- Տո՛, ի՞նչ էլավ կաթը։
- Աղա հիմի գըլլի կը (կլինի) էլի,-իրար ետևից գնում են։