Ամեն երեքշաբթի օր Մուշեղը պետք է նամակ գրի, հինգշաբթի՝ Աշխենը, շաբաթ՝ Նվարդը։ Գրելու երրորդ օրը ես այստեղ ստանում եմ, թե որ մեկինդ ուշացել է, հետո ես նրան կպատժեմ և երբեք էլ նամակ չեմ գրիլ3։
Այս լավ միտներդ պահեցեք և աշխատեցեք կատարել, ինչ-որ գրում եմ։
Համբուրում եմ ձեզ և երեխաներին։ Բարևեցեք բոլորին։
246. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման-Դսեղ
Սիրելի Օլյա,
Դու միայն իմ նամակներին ես պատասխանում, այն էլ, իհարկե, ոչ բոլորին, և ես հարկադրված եմ շարունակ գրելու, թե նամակ գրեցեք և դարձյալ նամակ չստանալ ու շարունակ սպասել, սպասել կասկածների ենթարկված։
Զարմանալի է, ինչպես ես չեմ կարողանում ամենահեշտ փոփոխություն առաջ բերել։ Շատ եմ զարմանում։ Եթե լիներ մի բոլորովին օտար կին, նրան այսքան ասեին ու գրեին, նա կհասկանար, որ ես ուզում եմ ընտանիքից միշտ տեղեկություն ունենալ և ոչ մի կերպ չեմ կարծում, թե քեզ նման վարվեր։ Նա կհասկանար, որ հայր է խնդրողը և կհասկացներ երեխաներին, որ, բնականաբար, նրանք պետք է նամակներ գրեն ու գրել կտար։ Դու զարմանալի դանդաղ ես բաները հասկանում կամ թե ամենայն համառությամբ չես ուզում հասկանալ։
Երբ որ քեզ գրում եմ, թե հեռագիր եմ տալի սրան–նրան ձեզանից տեղեկություն իմանալու, երբ որ սրան-նրան նամակ եմ գրում2, որ իմանամ դուք ինչպես կամ որտեղ եք, դու ի՞նչ ես մտածում այս բոլորը լսելով։