Չէ որ վրդովմունքներն են հասցրել ինձ այստեղ, և այժմ ամեն մի վրդովմունք ինձ համար մահի վտանգ ունի, և դու այդ բոլորը բանի տեղ չես կարողանում դնել։ «Կարծես թե երկու ամիս լինի, որ չեմ տեսել…» գրում ես3։ Բայց այդ տեսակ «կարծեսները» կորցնում են իրենց գինը, երբ որ իրոք ես ստիպված եմ լինում այսպիսի նամակներ գրելու։
Գրում եմ, թե նամակ չստանալով, կասկածների ազդեցության տակ սկսում եմ երազներ տեսնել, թե ինչպես երեխաները մին ընկնում են երկաթուղուց, գրում եմ, մյուս անգամ վայր են թափում քարափից, և որքան էլ որ չեմ հավատում, բայց երբ որ հեռու եմ՝ անհանգիստ եմ լինում։ Է՜հ, աստված քեզ հետ. ինչպես կուզես այնպես եղիր, երբ որ չես կարող այսպես լինել։ Մարդու ամեն մի բանը պետք է ներքին դրդումից լինի, և ամեն բան, որ զոռով է արած, ոչ մի համ ու լազաթ չունի։
247. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման-Դսեղ
Օլյա ջան, պարզ է, որ երբ հեռանում ենք ես ավելի շատ եմ քեզ վրա մտածում, քան թե դու իմ վրա։ Մինչև այժմ ես քեզ 5-6 նամակ եմ գրել, էն էլ ինչքան երկար, իսկ դու ընդամենը երկուսը և երկուսր միասին իմ մի նամակի չափ չկան1։ Էս նամակն էլ հատկապես գրում եմ ահա թե ինչու։ Ամսի 26-27 գիշերը դեռ չքնած, համարյա թե ինչպես թե մոտս էիր և ես սաստիկ անհանգստացա, գրեթե ամբողջ գիշերը քնել չկարողացա, իսկ երբ լուսադեմին քնեցի մի քիչ, էն էլ երազում տեսա շատ տարօրինակ դրություն և ուրիշ բաներ։ Սկսեցի մտածել, թե բան է պատահել, և դու տանջվում ես, անհանգիստ ես։ Սպասեցի նամակի, նամակ չկա քեզանից. իրիկունն էլ բոլոր երեխաներից նամակ ստացա. դարձյալ քեզանից չկա։ Չգիտեմ ինչով բացատրեմ։ Մանրամասն