Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրի տեսնեմ՝ ոնց ես, թե՛ առողջությունդ, թե՛ հոգեկան դրությունդ և թե ամեն բան։

Եթե մի որևէ բան է պատահել և անհանգիստ ես, մի՛ վախենա, հաստատ իմացի, որ ես քու հոգու ու սրտի առողջության վրա էնքան եմ համոզված ու էնքան հույս ունեմ, որ ինչ ուզում է լինի դու կմնաս դարձյալ նույնը։ Ամեն հիվանդություն և ամեն բան կանցնի, վերջապես էնպես կանենք, ինչպես մենք ենք ցանկանում։ Մի խոսքով, քու մեջ ինչ որ շատ եմ գնահատում ու սիրում և որ իսկի քեզ էլ չեմ ասում, հենց նրա վրա է հաստատված իմ հավատը, որ դու միշտ կմնաս նույն առողջ ու հավատարիմ կինը, նույն մաքուր ու հանգիստ հոգին։ Իսկի չմոլորվես ու չշփոթվես։ Իմացի, որ ինչ հիվանդություն էլ պատահի, քեզ հետ եմ, ոչ թե քո դեմ. հանգստացի, ուրախ կաց և աշխատիր առողջանալ և առողջանալ։

Գրի, թե երբ ես գնում Շուլավեր։ Անուշից երեկ նամակ ստացա2, էնտեղ էլ նրանք են սպասում։ Գրում է, թե Շուլավեր հով է։ էստեղ արդեն գիշերները բավական հով է լինում, երբեմն համարյա ցուրտ։

Ես կարող եմ հավատացնել, որ շատ եմ առողջացել։ Առավոտները վեր եմ կենում մի ձվաձեղ եմ ուտում, մի շիշ կաթն եմ խմում, կակաո եմ շինում, կոնյակով, մեղր ու կարագ եմ ուտում, մի տարելկա [1] մալինա—մոռ եմ ուտում կաթնով ու շաքարով, ուրիշ մրգեր եմ ունենում միշտ, հերկուլես (խրփուկ) եմ շինում ճաշին միշտ Հեղինեենց մոտ եմ լինում, այնուհետև իրիկունն էլ դարձյալ մի բան եմ ուտում, բայց դժբախտաբար լավ չեմ կարողանում քնել, ինչպես և շատերը։ Դու ինչպե՞ս ես քնում, գլուխդ հո էլ չի՞ ցավում, էլ ես չաղանո՞ւմ, թե չէ։ Գրի մանրամասն նամակ, պինդ–պինդ համբուրում եմ քեզ ու երեխաներին։

Քո Օհանես

<Հ. Գ.> Էսօր քաշվեցի, 2 ֆ. ավելացել եմ, բայց ավելի շատ եմ կազդուրվել։

  1. Ափսե։