Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



253. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման—Դսեղ

<1903, օգոստոսի 4, Աբասթուման>

Սիրելի Օլյա,

Վերջապես ստացա նամակդ1։ Դու չես կարող երևակայել, թե ինչքան եմ անհանգիստ եղել ալս մի քանի օրը, և ինչպես գիտես, արդեն մի քանի նամակ քեզ եմ գրել (գուցե բոլորը չես ստացել), Մոսոյին եմ գրել, Օսանին եմ գրել, Երվանդին եմ հեռագրել…2

Մի՞թե ճշմարիտ այդքան դժվար է նամակ գրելը։

Նամակիդ մեջ ամենից շատ ուշադրությունս գրավեց այն հանգամանքը, որ, ինչպես երևում է, այդտեղ կարգին սնունդ չեք առնում։ Զարմանալի բան է, որ դու ապրել ու ապրեցնել չես իմանում, չգիտեմ խնայողությո՞ւն ես անում քո խելքով թե՞ ինչ բան է։ Ասում ես՝ օրը 20 ձու ենք ուտում… իբրև թե ես զարմանամ։ Դուք արդեն 20 հոգի եք… Գոնե լավ է, որ միշտ կաթն ունեք։ Բայց ինչո՞ւ չես միշտ ճուտեր առնում, գառն առնում մորթել տալիս, եթե միս չեն մորթում, և վերջապես, ինչ որ կարելի է ձեռք բերել։ Եթե փողդ պակասում է՝ գրիր, իսկ թե դեռ ունես՝ ինչո՞ւ ես այդ խնայողությունն անում այն ժամանակ, երբ որ գնացել եք առողջանալու։

Իսկի ոչինչ չես գրում մերոնցից։ Ինչպե՞ս է նանը, էլ հիվանդանո՞ւմ է, թե՞ չէ։ Այստեղ մի այդպիսի հիվանդ կա։ Բժշկին պատմեցի նանի մասին, ասավ ամենից լավը հանգիստ կյանքն է և չմրսելը. եթե չարչարվեց կամ մրսեց դրանից կառաջանան մկանունքային և սաստիկ ցավեր կրծքին և պլոճիկների և սաստիկ ցավ մեջքի կողմից։ Այս թող աչքի առաջ ունենա։ Վահանի մասին ասում ես, թե գնում է Թիֆլիս։ Ինձ էլ գրել էր, բայց ոչ թե գնում են, այլ իբրև թե այդպես են ասում, թե պետք է գնան։ Հիացած է Մանգիսից։ Ի դեպ, ի՞նչ նամակ ունես Խանդամիրյանից, ինձ մեայն մի պոստ–կարտ է ղրկած3։