Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քիչ էր մնում ճանապարհ ընկնեի դեպի ֆրոնտը»,-գրել է նա։ Այս մասին այլ տեղեկություն չկա, ուստի դժվար է ասել, թե ինչո՞ւ չի կատարել իր մտադրությունը, պետք է ենթադրեի որ նրան ետ է պահել հայոց բանակի նահանջի լուրը։

* * *

Սույն հրատարակության 9-րդ և հրատարակվելիք 10-րդ հատորները միասին ընդգրկում են մոտ 680 նամակ, պաշտոնական գրություն, երկտող, հեռագիր՝ գրված մոտ 170 հասցեատերերի (տրվում է մոտավոր թիվ, քանի որ դեռևս շարունակում էն հայտնաբերվել նորերը՝ ինչպես արխիվներում, այնպես էլ պարբերական մամուլում)։ Կորել են ոչ միայն պահպանվող նամակների՝ հասցեատերերին ուղարկված այլ նամակներ, այլև այնպիսիները, որոնց հասցեատերերից ոչ մի նամակ չի պահպանվել։

Պահպանվող ամենահին նամակը գրված է ծնողներին՝ 1885 թ. հունվարին, որից պարզվում է, թե նախքան այդ, նրանց նամակներ է գրել նաև 1884-ին, հավանաբար ներսիսյան դպրոցում նոր ուսումնական տարին սկսվելուց հետո՝ սեպտեբեր-դեկտեմբեր ամիսներին։ Թումանյանի վկայությամբ՝ 1887 թ. դեկտեմբերի 12-ին առաջին նամակն է գրել հորը՝ իր նշանվելու մասին (չի պահպանվել, ԹԹ, ծոցատետր № 11)։ Չեն պահպանվել ընկերոջը՝ մոսկվայաբնակ Մկրտիչ Բարխուդարյանի տպարանի սրբագրիչ Է. Ավետիսյանին ուղղված հինգ նամակ (1890)։ Այդ նամակներից և Թումանյանի «Բանաստեղծությունների» առաջին գրքից Ավետիսյանը այն տպավորությունն է ստացել, որ երիտասարդ բանաստեղծը պատրաստ է «անձը զոհել հայրենիքի համար» (ՈւՀ 4, 276)։

Կորած նամակների առիթով անդրադառնանք միայն երկու փաստի։

90-ական թթ. բանաստեղծը նամակագրություն է ունեցել ընկերոջը՝ երկարամյա գավառական ուսուցիչ Աղասի Հովվյանի հետ, որին գրած Թումանյանի նամակները նա ոչնչացրել է իր տանը հաճախակի կատարվող խուզարկությունների պատճառով (ԹԹ, Ն. Թումանյանի ֆոնդ, թղթ. № 29)։ Մխիթար Տեր-Անդրեասյանի ստացած մի նամակը ոչնչացել է 1907 թ. նրա տունը թուրքերից կողոպտվելիս, իսկ մնացածը հրո ճարակ է դարձել Շուշվա հրդեհի միջոցին։

Անհայտ է Շանթին գրած նամակների ճակատագիրը, թեև չի բացառվում, որ դրանք երբևէ կհայտնաբերվեն սփյուռքում։ Մոտավոր տվյալներով, ըստ Թումանյանի և Շանթի նամակների, վերջինիս բանաստեղծը գրել է 1901 թ. հոկտեմբերին, դեկտեմբերին, 1902 թ. մարտին կամ ապրիլին՝ տեղեկություններ հաղորդելով, հատկապես, «Վերնատան» հավաքույթների վերաբերյալ, Շանթի՝ 1902 թ. հունիսի 23-ի (ն. տ.) նամակի միջոցով տեղեկանում ենք Թումանյանի այդ տարվա մայիս, հունիս ամիսներին գրած նամակների մասին, որոնց մեջ բանաստեղծը գանգատվել է