1890, հոկտեմբերի 14, Թիֆլիս
Որ օրացույցին նայես, կտեսնես, որ այսօր կյուրակի է, բայց ես գնացի կոնսիստոր, կարծես մի ներքին ձայն ինձ ազդեց, թե քեզանից նամակ կա, և ստացա1։ Այնպես շփոթվեցա, որ երեք անգամ կարդացի, նոր բեյինս բան մտավ։ Ես այլևս ավելորդ եմ համարում գրել այն ախտ ու մախտերի մասին, որոնց համար քեզանից բժշկություն էի ուզել, բոլորը բժշկվեցան։ Խոսքը, նայած, թե ինչ մարդուց ում է ուղղված, ամենազորեղ բժիշկն է։ Բայց երկար փիլիսոփայություն չի հարկավոր, շատ բան ունեմ գրելու, ուզում եմ մի տողում ահագին պատմություն գրել, բայց ափսոս չեմ կարող։ Սիրակարոտ սիրտդ սոսկալի տանջանքի օրինակ էր ներկայացրել, որ զգում ես «քո Անուշից»2 հեռու։ Իսկ առակդ իմ մասին շատ մազալու էր։ Ի դեպ, ասեմ, որ ընկերության ես այն անդամներից եմ, որոնց մասին չի կարելի կասկածել անհեռատեսության նկատմամբ, այս փորձից հետո եմ ասում3։
Քեզ այս ամսի 4-ին պետք է նամակ գրեի, որ օրը որ ստացա գրքերիցս 2 օրինակ նմուշ4, մի օրինակն էլ պետք է ուղարկեի, բայց բանը տես ոնց եղավ։ Ստանալուն պես երկուսն էլ ձեռքիցս հափշտակեցին. մեկը այստեղ մի հայտնի հարուստ երիտասարդ կա (Գաբո Պարոնջանյանց) նա վերցրեց, ես նրան մերժեցի երեք անգամ։ Նա տեսավ տպարանից ուղարկած հաշիվը, որ 70 ռուբլի պարտ եմ, իսկույն գրպանից հանեց 70 ռուբլի, թե ես կտամ, հետո երբ որ ծախես, կստանամ, այդ էլ մերժեցի, բայց նրա թախանձանքից ստիպված 30 ռուբլի վերցրի, սրանից հետո չէր կարելի մեկը նրան չտալ։ Մյուս օրինակն էլ շրջում է։