Մեծ ոգևորությամբ ընդունեցին գիրքս այստեղ։ Իսկ երեկ Մոսկվայից նամակ եմ ստանում5, նամակագիրն ինձ շնորհավորելով՝ իբրև «առաջին բանաստեղծի», հայտնում է, որ ես իմ «վեհ մտքերով ապշեցրել եմ Մոսկվայի ուսանողությանը», թե՝ նրանք ասում են, «որ տեսնենք, կերկրպագենք», թե՝ իմ բանաստեղծություններն այնտեղ շատ կտարածվեն, մի քանի հարյուր օրինակ ուզում են, նույնիսկ ուսանողներր տարածել և այլն, և այլն, այսպիսի ինձանից շատ բարձր գովեստներ։ Իրավն ասած, ես շշկլված եմ։ Շնորհակալական մի նամակ գրեցի և հայտնեցի, որ դեռ կեսը գդալամանումն է6։
Մեր վարդապետացու Եղիշեն ևս այստեղ է. նա ու տեր Մուշեղը (որ այժմ անդամ է կոնսիստորում) ինձ առաջ մալենկի[1] պոետ էին անվանում, հիմա վելիկի[2] ձեռնադրեցին։ Անցյալ երեկոյան տեսա, գիտե՞ս ում, Խարազանց Յագորին, յուր արշինուկես հասակով և գոտին խրած ծխախոտի քիսով։ Շատ ուրախացանք։ Ես հայաների քո գրածներդ նրա մասին. հետո գիրքս տեսավ, ուզում էր տանի, ես խոստացա հետո ուղարկել։ Կարդացինք «Սաքոյիցը» մի քանի կտոր. «Ալեքն» ամբողջապես և «Իղձը»7 կարդալուց հետո հարցրեց— դեռ չե՞ն ներկել լրագիրներում, ասի չէ դեռ. թե տար «Մշակին» կտեսնես (էս էն արջիցը վախեցածի բաննա հա)8։ Ես նկատեցի, որ հավանեց, բայց թե ինչու չխոստովանեց, այդ չգիտեմ։ Ափսոս շտապում էի (ժողովք ունեինք)9, թե տուն էի բերել, մի բոլ խոսացել էինք։ Գրքերս արդեն տրանսպորտով ճամփու են դրած, 20—25 օրից հետո կստանամ։ Հա, ուսանողներից մեկը «Լոռեցի Սաքոն» քննում է10, տեսնենք ինչ կասի։ Թվով բավականին կրիտիկոսներ են ժաժ գալիս։ Լսած ձայներս նպաստավոր են։
Այս բոլորի փառքը քեզ է պատկանում, դուն էիր սիրելի ընկեր, որ ինձ սիրտ տվիր ոտանավորներս նույնիսկ կարդալու