Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



59. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս-Էջմիածին

(էջ 128)

Փետրվարի 18

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 382։

Տպագրվել է ԵԺ V, 86—87։

1 Տե՛ս նախորդ նամակի № 5 ծանոթագրությունը։ Ղլտճյանը դեռևս Էջմիածնում էր. Երնջակ մեկնել է մարտի 8-ին, վարդապետ ձեռնադրվելուց հետո (տե՛ս նրա մարտի 8-ի բացիկը. ԳԱԹ, Թֆ, № 817)։

2 Խոսքը վերաբերում է Խրիմյան Հայրիկի կարգադրություններին. Խայրիկ գրելով (Վանի բարբառի արտասանությամբ) Թումանյանը արտահայտում է իր դժգոհությունը։

3 Նկատի ունի իր «Հայ ուխտավորին» բանաստեղծությունը՝ գրված 1893 թ. նոյեմբերին Թիֆլիսի երիտասարդության խնջույքին (բանաստեղծության տպագրության հետ կապված մանրամասնությունները տե՛ս ՈւՀ 4, 77-81)։

Այն նամակը, որով Ղլտճյանը պահանջել է ոչնչացնել հիշյալ ոտանավորը, մեզ անհայտ է. պահպանվում են փետրվարի 17-ի բացիկը, որը Թումանյանը ստացել է սույն նամակը գրելուց հետո՝ 19-ին (ըստ փոստային կնիքի) և փետրվարի 23-ի ընդարձակ նամակը, որտեղ Ղլտճյանը հանգամանորեն թվում է Խրիմյան կաթողիկոսից եղած ընղհանուր դժգոհության բոլոր պատճառները։

4 Հիշատակված երկու տողը, ըստ երևույթին, հետագայում չի շարունակվել։ Այդ տողերը գրվել են այդ միջոցին երիտասարդ բանաստեղծի ապրած հիասթափության ազդեցության տակ, որի պատճառը միայն Ղլտճյանի և Աղայանի նկատմամբ կաթողիկոսի վերաբերմունքը չէր (ինչպես գրված է նամակի նախորդ հրատարակության ծանոթագրության մեջ. ԵԺ V, 86). այդպիսին էր հայ առաջադեմ երիտասարդության «մշակականների» տրամադրությունը Խրիմյան Հայրիկի նկատմամբ, որի հետ մեծ հույսեր էին կապվում նախքան նրա կաթողիկոս դառնալը։ Կաթողիկոսության առաջին իսկ ամիսներին Էջմիածնում վեհափառի կատարած փոփոխությունները սկզբում զարմանք, ապա զայրույթ են առաջացնում (Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանի հրաժարականը Գևորգյան ճեմարանի տեսչի պաշտոնից, «Արարատ» ամսագրի խմբագրության փոփոխությունը, Կարա-Մուրզային ճեմարանի երգի ուսուցչի պաշտոնից զրկելը, Գևորգ եպիսկոպոս Սուրենյանին Թիֆլիսի թեմի առաջնորդ նշանակելը և այլն)։ Տակավին նոյեմբեր ամսին (երբ երկու ամիս էր անցել նոր կաթողիկոսի օծումից) «Մշակը» զգուշացնում էր բավական զուսպ դժգոհությամբ. «Մնում է ի սրտե ցանկալ, որ վեհափառի վստահությանն արժանացած անձինք կարողանան իրագործել իրանց վրա դրված հույսերը»