3-4 վայրկյան, քիչ մնաց կործաներ քաղաքը։ Մեր տունն այնպես շարժվեցավ, որ ես բոլորովին հավատացի մեր կյանքի վերջին. ստորերկրյա խուլ, բայց շատ սաստիկ որոտը ականջ էր խլացնում։ Բոլորս միաժամանակ Աստված կանչելով սարսափի մեջ էինք, այնինչ Մուշեղը ծիծաղում էր։ Ես նոր էի վերջացրել «Որսորդներ» ոտանավորս10։
Այսօր սկսեցի մի նոր պոեմա Լոռու կյանքից՝ «Ծեր այգեպանի պատմություն» է առայժմ անունը11։ Այս երրորդ պոեման է Լոռու կյանքից, առաջինը «Սաքոն» է, իսկ երկրորդը «Անուշը», որ մի անուշ ընկերոջ անվան է նվիրված12։
Զինվորակոչին ես չգնացի, այստեղից հորս հանձնեցի։ Այսօրվանից արդեն Ջալալօղլի սկսվել է վիճակահանությունը, տեսնենք տակիցն ինչ դուրս կգա։
Կոնսիստորում իմ դրությունս առավել անտանելի է դարձած, բոլորի հետ մի տեսակ արհամարհական, թշնամական հարաբերության մեջ եմ։ Գուցե շուտով դուրս գամ13, հա՛, լավ միտս ընկավ, այսուհետև այս հասցեով ինձ նամակ կգրես.— Тифлис, Оганесу Туманяну, Норашенская ул. дом бывш. Пугинова.
Շատ անգամ կոնսիստորում, առաջնորդարանում նամակս բաց են անում, նորից փակում կամ բոլորովին պատռում կորցնում կարդալուց հետո, քանի անգամ պատահել է։ Կարող ես առաջին անգամ հասցեիս ավելացնել у священника Мартиросянца.
Օլեն ու Մուշեղը բարևում են քեզ։ Օլեն Շուլավերից գալուց հետո չուչխել պատրաստեց քեզ համար ուղարկելու (խոստովանք), բայց իմ ծուլության շնորհիվ չեք ստացել, ինչպես տեսնում եք, որովհետև… չեմ ուղարկել, ո՞վ գիտե, կարելի է ուղարկեմ, կարելի է և չուղարկեմ…
Սիրողները պատրաստվում են մի ներկայացում տալու։ Եկան չախիցս բռնեցին, շատ դես դեն թափ թվին բան չդառավ, փակագծում ասեմ, որ երդվել եմ էլ իբրև դերասան բեմ չի դուրս գամ, վա՛, զոռի բան խու չի։ Վերջապես իրիկունս գնացինք փորձի. մի օյին հանեցի, մի իրար խառնեցի,