նամակի № 4 ծանոթագրությունը, նաև՝ ՄՃ, 1895, № 3-4, էջ 559-560, որտեղ Արասխանյանը դժգոհում է հասարակության անտարբերությունից)։
Ժողովածուն չի հրապարակվել հանդիպելով ցարական գրաքննության արգելքին (Ա. Ինճիկյան, 370-371)։
2 Կովկասի բարեգործական ընկերությունը ստեղծվել է Թիֆլիսում, 1880 թ., բժշկապետ Բագրատ Նավասարդյանի նախաձեռնությամբ, Գաբրիել Սունդուկյանի մասնակցությամբ։ Ընկերության նպատակն էր ծառայել լուսավորական մշակութային գործին, օգնել Կովկասի և Արևմտյան Հայաստանի հայ ժողովրդին։ Կովկասի կառավարչապետը, սահմանափակելով ընկերության իրավունքներր, թույլատրեց գործել միայն Կովկասի սահմաններում։ 90-ական թվականների վերջում՝ գոլիցինյան ռեակցիայի տարիներին, ընկերությունը վերանվանվեց Թիֆլիսի բարեգործական ընկերության։ Դրանով ավելի սահմանափակվեց ընկերության գործունեությունը մնաց աղքատախնամ հաստատության իրավունքով։ 1899 թ. սեպտեմբերին ընկերության վարչության փոխանդամ ընտրվեց Թումանյանը (տե՛ս № 124 նամակի ծանոթագրությունը), 1908 թ. ընկերությունը կրկին դարձավ կովկասյան՝ վերստանալով իր նախկին իրավունքները։ Լուծարքի է ենթարկվել 1921 թ.։
3 Նկատի ունի Բաքվի մարդասիրական ընկերությունը, որը հիմնադրվել է 1864 թ. Դ. Ռոստոմյանի և Մ. Զոհրաբյանի նախաձեռնությամբ։ Ըստ կանոնադրության, ընկերությունը պետք է զբաղվեր Արևելյան Հայաստանի լուսավորական գործով։ Ստեղծվել են դպրոցներ, գրադարաններ, ընթերցարաններ, աջակցել են թատրոնին, ունեին տպարան, օգնում էին կարիքավոր գրողներին։ Ընկերությունն ուներ հրատարակչական-խմբագրական մասնաճյուղ, որն զբաղվում էր հատկապես հայ գրողների երկերի հրատարակության գործով։ Նույն մասնաճյուղի նախաձեռնությամբ 1908 թ. հրատարակվել է Թումանյանի բանաստեղծությունների ժողովածուն Բաքվում՝ Հովհ. Քաջազնունու, Մխ. Տեր-Անդրեասյանի, Ե. Թաղիանոսյանի նախաձեռնությամբ։ Ընկերությունը գործել է մինչև 1920 թ.։
78. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 157)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 21 (12)։
Տարեթիվը որոշվում է Թումանյանի՝ 1895 թ. ամռանը Դսեղում գտնվելու փաստով (տե՛ս հաջորդ նամակը)։ Երկտողը գրված է Վարդազարյանից իր գրքերի հրատարակության հոնորարը ստանալու համար։
Տպագրվել է ՈԻՀ 2, 430: