Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/616

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օգնել նրան։ Թումանյանը մերժել է առաջարկված պայմանը, բացատրելով, որ իր խնդածը լոկ պարտք վերցնելու համար է (Տեր-Անդրեասյանին գրած Թումանյանի այս երկրորդ նամակը նույնպես չի պահպանվել)։ Վերոհիշյալ նամակում հայտնվում է, որ Բաքվում բնակվող մի խումբ համակրողներ, այդ թվում՝ ինքը, Քաջազնունին և ուրիշներ, 10-ական ռուբլի հավաքելով, նրան ուղարկել են ամսական հարյուր ռուբլի (թե որքան ժամանակ է տևել դա՝ անհայտ է. նամակը պահպանվում է ԹԹ, Ն. Թումանյանի ֆ)։

6 «Մուրճում» «Սասունցի Դավիթը» տպագրվեց ոչ թե սեպտեմբերին,այլ 1903 թ. 2-5 համարներում։ Մինչ այդ, 1902 թ. դեկտեմբերի № 12-ում տպագրվել էր «Հոգեհան» լեգենդը։

7 Նկատի ունի «Տրտունջ» բանաստեղծության նախնական տարբերակը (տե՛ս հաջորդ նամակը, էջ 298)։

8 Այստեղ հիշատակված Ավետիսը դրամատեր և բարերար Պողոսյանն է։

9 Շուշան Վարդազարյանի և Մարիամ Թումանյանի այդ նամակները չեն պահպանվել։

10 «Աղայանցի գյուղը» գրելով բանաստեղծը նկատի ունի ոչ թե Աղայանի ծննդավայրը՝ Բոլնիս Խաչենը, այլ Շամշուլդան (տե՛ս բանաստեղծի կնոջ՝ Օլգա Թումանյանի բանավոր վկայությունը՝ ԵԺ V, 207)։

11 «Նե»-ն հավանաբար Վարյա Խանդամիրյանն է. «Մի փոքրիկ հոգեբանա–փիլիսոփայա-բանաստեղծական նամակագրություն ունեցանք» խոսքերից երևում է, որ Թումանյանը հուլիս ամսին Խանդամիրյանին նամակ է գրել և ստացել պատասխանը (երկուսն էլ՝ անհայտ)։

12 «Վերնատան» մասին տե՛ս նամակ № 162, ծանոթագրություն №9։

«Վերնատան որբեր» գրելով, բանաստեղծը նկատի ունի ժամանակի քննադատության, հատկապես «Մշակի» անհանդուրժող վերաբերմունքն իր, Իսահակյանի, Դեմիրճյանի, Շանթի նկատմամբ և նրանց նյութական անբարենպաստ վիճակը։ Թե հեգնանքով ո՞ւմ է ակնարկում հայոց «նշանավոր գրողներ» գրելով՝ դժվար է կռահել։

171. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Բելի Կլյուչ-Թիֆլիս

(էջ 296)

Օգոստոսի 10

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 10 (դ)։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է Բելի Կլյուչում բանաստեղծի գտնվելու փաստով և այս ու նախորդ նամակների բովանդակությամբ։

Տպագրվել է ԵԺ V, 208-210։