Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ավազ, նույնպիսի անթափանցիկ սոդա և նման մի քանի այլ նյութեր, խառնում են իրար, ապա խառնուրդը բարձր ջերմաստիճանում հալում վառարաններում։ Եվ ահա պատրաստ է թափանցիկ, մածուցիկ զանգվածը։ Նրանից կարելի է ապակե թերթ գլոցել, և կստացվի պատուհանի ապակի։ Կարելի է փչելով ստանալ ապակե պղպջակ և այն ձևափոխելով դարձնել բաժակ, ջրաման, սկահակ:

Բայց ապակին ամանեղեն, հայելի, զարդեղեն չէ միայն: Լուսանկարչական ապարատների, կինոնկարահանման խցիկների օբյեկտիվները պատրաստված են հատուկ թափանցելիության օպտիկական բարձրորակ ապակուց, իսկ որքան փորձանոթներ, սրվակներ, գալարախողովակներ կան քիմիական լաբորատորիաներում: Լուսավորող միլիարդավոր լամպերը նույնպես ապակուց են։

Ասում են «Ապակու պես փխրուն է»: Մինչդեռ այժմ ստեղծված է այնպիսի ապակի, որն ամրությամբ պողպատին չի զիջում։ Այդպիսի ապակուց կարելի է մեխանիզմների մասեր պատրաստել: Ավտոմոբիլների և ինքնաթիռների լուսամուտախորշերում տեղադրում են մխված ապակի։ Սա շատ ամուր է. այդպիսի ապակուց պատրաստված թերթը անվնաս կարող է մնալ անգամ այն դեպքում, եթե մեկ կիլոգրամանոց պողպատե գունդը մարդահասակ բարձրությունից ընկնի նրա վրա: Այդ ապակին եթե, նույնիսկ, ջարդելու լինենք, սրաշեղբ բեկորներ չեն առաջանա: Նշանակում է, եթե հանկարծ այդ ապակուց լուսամուտներ ունեցող ավտոմոբիլը վթարի ենթարկվի, և ապակին ջարդվի, նրա մեջ գտնվող մարդիկ բեկորներից չեն վնասվի:

Ապակուց պատրաստում են արհեստական մանրաթել, իսկ սրանից էլ հյուսում չայրվող գործվածքներ։ Քիմիական խեժերով տոգորված ապակե գործվածքներից պատրաստում են մարդատար ավտոմոբիլների թափքեր, ծովային նավակների և փոքր նավերի իրաններ։

Ապակու և ապակեգործ վարպետների մասին դուք կարող եք կարդալ հետևյալ գրքում
Кирпичникова Т. П. Хрустальные тайны, Л, «Дет лит» 1973.


Ապարներ

Երկրի ամբողջ մակերևույթը կազմված է ապարներից։ Գետափի քարերը, կավիճը, որով դուք գրում եք գրատախտակին, ածուխը, այս բոլորն ապարներ են։ Հանքաքար կոչվող ապարներից ստանում են տարբեր մետաղներ։

Մարդու համար օգտակար ապարները հենց այդպես էլ անվանում են օգտակար հանածոներ: Ինչո՞ւ հանածոներ, որովհետև դրանցից շատերը գտնվում են գետնի տակ, դրանք պետք է դուրս բերել, գետնի տակից «հանել»։ Իսկ օգտակար հանածոները գետնի տակից հանելու համար անհրաժեշտ է իմանալ, թե որտեղ և ինչպես կարող են առաջանալ դրանք, ինչպես են, առհասարակ, գոյանում տարբեր ապարները։

Դուք հավանաբար, տեսել եք սրընթաց գետեր, որոնք հոսում են լեռնային նեղ կիրճերով: Այդ գետերի ջրերն իրենց հետ տանում են քարեր, ավազ և կավի փոքրիկ մասնիկներ, որոնք առաջանում են լեռների քայքայման ընթացքում։ Գետերը թափվում են ծովը, և ջրի հետ ծովն են թափվում նաև քարերը, ավազը, կավի մասնիկները։ Ափի մոտ ծովի հատակն են իջնում քարերը, քիչ հեռու՝ ավազը, իսկ ավելի հեռու, որտեղ ծովը շատ խորն է, կավի մասնիկները։

Այսպես, հարյուր հազարավոր ու միլիոնավոր տարիների ընթացքում օվկիանոսների և ծովերի հատակին կուտակվում են նստվածքների հսկայական շերտեր։ Ժամանակի ընթացքում դրանք խտանում են և վերածվում ապարների՝ ավազաքարերի և կավային թերթաքարերի: Դրանք անվանում են նստվածքային, որովհետև առաջացել են գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների հատակին նստվածքներ տալու հետևանքով:

Ծովերում և օվկիանաներում ապրում են ձկներ, հատակին սողում են ծովախեցգետիններ և ծովախխունջներ: Ծովերում